Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ ԿՂԵԿԱՎԱՐԻ

Մարզեր


Այս շաբաթվա ընթացքում պարզ կդառնա, թե ով է ղեկավարելու Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի պետի` մոտ երեք ամիս թափուր մնացած պաշտոնը: Քաղծառայության խորհրդում կայացած մրցույթի արդյունքների համաձայն՝ գրանցված 5 թեկնածուներից հաղթող են ճանաչվել երկուսը՝ նույն բաժնի մասնագետ Գոռ Մարգարյանը եւ Մշակույթի նախարարությունում որպես համակարգչային ծրագրավորող աշխատող Հարություն Մովսիսյանը: Օրենքի համաձայն նման պարագաներում, երբ մրցույթում հաղթել է մեկից ավելի թեկնածու բաժնի պետ նշանակելու իրավասությունն մնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի եւ մարզպետի հայեցողությանը:


Պետի նշանակումը պետք է լինի եզրակացությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում: Շիրակի մարզպետը թեեւ չի կարծում, թե նոր պաշտոնյան կազմակերպչական ունակություններով կգերազանցի բաժնի նախկին պետ Հասմիկ Կիրակոսյանին, սակայն հույս ունի, որ գոնե մարզի մշակույթը կպահպանի նույն մակարդակի վրա: Թեկնածուներից մեկը՝ Գոռ Մարգարյանը, ավարտել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների բաժինը, ոլորտում աշխատում է արդեն 5 տարի:


Մյուս թեկնածուի հետ մենք չկարողացանք զրուցել, քանի որ նա, ճիշտ է գյումրեցի է, բայց աշխատում է Երեւանում: Իսկ Հասմիկ Կիրակոսյանը, բնական համարելով փոփոխությունը, նշում է, որ շարունակելու է իր մշակութային գործունեությունը մարզպետի խորհրդականի պաշտոնում:


Գյումրիի «Ցայգ» ՀԸ