Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Մարզեր


2009թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Վանաձորում գրանցված է 6489 աշխատանք փնտրող, որից 6091-ը գործազուրկներ են, ինչը 398-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Ըստ Վանաձորի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանի` նախորդ տարվա համեմատ` գործազրկության մակարդակը 9.05 տոկոսից դարձել է 10.1 տոկոս:

Գործազուրկների 70 տոկոսից ավելին կանայք են: Տարիքային խմբում առավել շատ են 35-54 տարեկանները. 35-45 տարիքային խմբում գրանցվել է 1861 եւ 46-54-ում՝ 1654 քաղաքացի:

Ըստ կրթության մակարդակի աշխատանք գտնելու խնդիր առավելապես ունեն ընդհանուր միջնակարգ (3118 մարդ) եւ միջին մասնագիտական կրթություն ունեցողները(1597մարդ): Ընդ որում, նրանց թիվը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է համապատասխանաբար 466-ով եւ 217-ով: 2008թ.-ին գրանցված գործազուրկներից աշխատանքի է տեղավորվել 611-ը, 2007-ին՝ 663 քաղաքացի:

2008թ.-ին զբաղվածության կենտրոնում անց են կացվել մի շարք դասընթացներ հաշմանդամների եւ գործազուրկների համար. դիզայնի, վարսահարդարման, համակարգչային ձեւավորման եւ այլ դասընթացների մասնակցել է 79 քաղաքացի:

Հարցին՝ ֆինանսական տնտեսական ճգնաժամի արդյունքում այս տարի հնարավոր է լինի գործազրկության ցուցանիշի կտրուկ աճ, Արա Առաքելյանը պատասխանեց. «Դեռեւս վաղ է կանխատեսումներ անել, որովհետեւ վանաձորյան 2 խոշոր գործարանները՝ «Ավտոգեն-Մ»-ը եւ «Վանաձոր-Քիմպրոմը» դեռեւս կրճատումներ չեն արել: Կարծում եմ, խնդիրն ավելի շատ ոչ թե գործազրկությունն է, այլեւ ցածր աշխատավարձերը»:

Գայանե Սարգսյան

Վանաձոր