ՄԱՆԿԱՏՈՒՆ ԿԸՆԴՈՒՆԵՆ ՄԻԱՅՆ ԾԱՅՐԱՀԵՂ ԴԵՊՔՈԻՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Հունվարի 1-ից հանձնարարական է տրվել մարզպետարանների Երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններին, որով խստացվել է երեխաներին մանկատուն ընդունելու կարգը:
«Այսուհետ մանկատուն կարող են ընդունվել այն երեխաները, որոնց ծնողները կամ միակ ծնողը մահացել է, զրկվել են ծնողական իրավունքից, սահմանափակվել են ծնողական իրավունքները, նոտարական կարգով հրաժարվել են իրենց երեխաների խնամքից եւ դաստիարակությունից, ընկեցիկ երեխաները, որոնց հայտնաբերում է ոստիկանությունը կամ երբ ծնողը հրաժարվում է իր երեխայի խնամքից եւ դաստիրակաությունից»,-ասում է Լոռու մարզպետարանի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:
Ելնելով հանձնարարականի պահանջներից` բաժինը 6 տարեկանից բարձր երեխաներին հնարավորություն ունի ուղեգրել խնամքի կենտրոն, ինչը հնարավոր չէ մինչեւ 6 տարեկան երեխաների դեպքում:
«Մինչեւ 6 տարեկանների համար մարզում գործող որեւէ այլ հաստատություն չկա: Բաժնի աշխատակիցների կողմից նման դեպքերում կատարվում է տվյալ ընտանիքի պայմանների ուսումնասիրություն, եւ խիստ ծայրահեղ անապահով վիճակ արձանագրելու դեպքում երեխային ընդունում ենք մանկատուն՝ պայմանով, որ դա կրելու է ժամանկավոր բնույթ»,-նշում է բաժնի պետը:
Մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանի տեղեկացմամբ` այժմ մանկատանը բնակվում է 98 երեխա, որոնցից ամենափոքրը 3 ամսեկան է, ամենամեծը՝ 17 տարեկան: Մանկատունն ունի 110 երեխա տեղավորելու հնարավորություն:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է
Վանաձորում մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար գործում է թիվ 1 օժանդակ դպրոցը: Այսուհետ դպրոցում սովորելու իրավունք ունեն այն երեխաները, ովքեր ունեն Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական հանձնաժողովի կողմից տրված կարիքների գանհատման վկայագիրը եւ Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից տրված տեղեկանքը:
Կառավարության որոշմամբ հունվարի 1-ից դպրոցը կֆինանսավորվի այդ փաստաթղթերի հիման վրա: «Արդեն իսկ դպրոցում սովորող բոլոր երեխաներն անցել են այդ հետազոտությունները, ունեն համապատասխան վկայագրեր»,- մեզ հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Սասուն Հարությունյանը:
Արդյունքում երեխաների թիվն այստեղ նվազել է՝ 118-ից հասնելով 101-ի: Թվով 17 երեխաներ տեղափոխվել են հանրակրթական դպրոցներ կամ խնամքի կենտրոն»:
ՏԵՂԵՐԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ
Վանաձորի խնամքի կենտրոնում երեխաների թիվը սեպտեմբերի դրությամբ եղել է 108: Այժմ կենտրոնն ունի 116 երեխա: Լոռու մարզպետարանի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ երեխաների թիվը աճելու միտում ունի. « Եթե համաշխարհային ճգնաժամն անդրադառնա երկրի վրա, հնարավոր է այնտեղ նկատվի երեխաների կտրուկ հոսք: Արդեն իսկ մեզ դիմում են մարդիկ, ովքեր վերադարձել են Ռուսաստանի Դաշնությունից եւ ասում, որ այս տարի այլեւս չեն կարողանա գնալ արտագնա աշխատանքի, երեխաներին չեն կարողանում պահել եւ ուզում են, որ նրանց ընդունենք խնամքի կենտրոն,-ասում է բաժնի պետը,-առայժմ այդ մարդկանց բանավոր ենք պատասխանել եւ նրանք գտնվում են սպասողական վիճակում: Եթե համապատասխան ուսումնասիրությունների արդյունում պարզվի, որ նրանք իսկապես խիստ անապահով պայմաններում են ապրում, ստւպված ենք լինելու ընդունել խնամքի կենտրոն»:
Իսկ կենտրոնն ունի առավելագույնը 120 երեխա խնամելու հնարավորություն:
Գայանե Սարգսյան
Վանաձոր