Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԼՈՒԾԱՐՈՒՄՆԵՐ ԵՆ

Մարզեր


Վանաձորի՝ դեռեւս տնակային պայմաններում գործող կրթադաստիարակչական հաստատությունների թիվը ապրիլի 1-ից կնվազի: ՎՔ կրթության եւ մշակույթի բաժնի առաջարկով եւ համայնքի ավագանու որոշմամբ լուծարվել են թիվ 23 նախակրթարանը եւ Ներսիսյան եւ Ավետիսյան փողոցներում գտնվող գրադարանները:


Գուսան Զաքարյանի անվան թիվ 5 երաժշտական դպրոցն էլ միացվել է էդվարդ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցին: Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը նման որոշման կայացումը թեեւ ցավալի, բայց եւ անխուսափելի է համարում: Որոշումը կայացվել է վերոնշյալ հաստատություններում սանիտարահիգիենիկ պայմանների եւ անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովման անհնարինության պատճառով: Լուծարված հիմնարկներում հատուկ հանձնաժողովի վերահսկողությամբ 2 ամսվա ընթացքում կիրականացվի նոր գույքագրում: Գրադարանների ֆոնդերը կբաշխվեն Վանաձորի՝ մնացած 8 գրադարանների միջեւ:


Որաշման արդյունքում գործազուրկների բանակը համալրած շուրջ 30 աշխատողների ճակատագրի վերաբերյալ ՎՔ կրթության եւ մշակույթի բաժնի պետը նշեց, որ հնարավորության եւ հետագայում թափուր աշխատատեղերի առկայության դեպքում վերջիններս աշխատանքի կանցնեն նույն համակարգում: Վանաձորի քաղաքապետի հանձնարարականով՝ սանիտարահիգիենիկ պայմանների եւ անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովման անհնարինության պատճառով ժամանակավորապես դադարեցվել է թիվ 4 եւ 19 նախակրթարանների գործունեությունը: Հիշեցնեմ, որ ավագանին 4 կողմ, 4 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով մերժել էր թիվ 23 նախակրթարանից ոչ պակաս անմխիթար պայմաններում գտնվող թիվ 4 նախակրթարանը փակելու առաջարկը:


Թիվ 19 մանկապարտեզի նոր, քարե մասնաշենքի վերանորոգման աշխատանքներն էլ կառավարության տրամադրած միջոցներով մոտ ապահգայում ավարտին կհասցվեն: