Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԸ. ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ

Մարզեր


Շմոլ գազի թունավորումից մահացել են «Աշտարակ կաթ» ընկերության երկու աշխատակից: Դեպքը տեղի է ունեցել ընկերության` Սյունիքի մարզի Գորայք գյուղի կաթի մթերման կետում: Մեկ օրով Երեւանից այստեղ գործուղված ընկերության տրանսպորտային մենեջեր, 1953թ. ծնված Գեղամ Մարգարյանը եւ տեսուչ 1985թ. ծնված Ակսել Բակունցը, երեկ ավարտելով իրենց աշխատանքը, գիշերել են կաթի մթերման կետում առանձնացված գազի վառարանով ջեռուցվող հյուրանոցային սենյակում: Այսօր առավոտյան պետք է վերադառնային մայրաքաղաք: Դիակները առավոտյան ժամը 8-ի սահմաններում հայտնաբերել է ընկերության տեղի աշխատակից Տիգրան Առուստամյանը. սենյակում զգալի է եղել գազի հոտը: Դեպքի վայրում տեղազննություն են իրականացրել օպերատիվ քննչական եւ «Հայռուսգազարդի» համապատասխան մասնագետների խմբերը:


Գազամատակարարման եւ գազաֆիկացման Սյունիքի մասնաճյուղի Սիսիանի տեղամասի պետ Հարություն Խաչատրյանի հավաստմամբ` վառարանը եղել է գործարանային արտադրության, սարքին վիճակում, գազից օգտվելու անվտանգության նորմերը պահպանված են եղել: Սակայն այս ամենին զուգահեռ շինության երկրորդ հարկում, ուր առանձնացված են հյուրանոցային սենյակները, նախագծով գազատաքացուցիչներ տեղադրելու թույլտվություն չի եղել: Վառարանը միացվել է առաջին հարկի համար նախատեսված սնուցման կետից: Հարություն Խաչատրյանը քիչ հավանական է համարում շմոլ գազից թունավորման վարկածը, քանի որ իրենց մասնագետները փորձարկել են վառարանը, նորմալ վիճակում են եղել նաեւ ծխատար եւ օդատար խողովակները:


Դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքները, սակայն, ցույց է տվել, որ մահը վրա է հասել առավոտյան կողմ շմոլ գազից թունավորման պատճառով: Դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն:


Սիսիանի «Սյունի» ՀԸ