Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱԿ ԳՆՈՐԴԸ ՇԱՔԱՐԻ ԳՈՐԾԱՐԱՆՆ ԷՐ

Մարզեր


Հունվարի 13-ին կայացել է Շիրակի մարզի Մայիսյանի կաթսայատան աճուրդ - վաճառքը: Իրականում աճուրդ չի եղել, քանզի կաթսայատունը գնելու ցանկությամբ միայն Շաքարի գործարանն է հանդես եկել:


Մայիսյանի կաթսայատունը աճուրդով վաճառելու որոշումը ընդունվել էր ավագանու հերթական չլուսաբանված նիստերից մեկում:


Կաթսայատունը համապատասխան մասնագետների կողմից գնահատվել է 210 միլիոն դրամ, վաճառվել 225 միլիոնով: Աճուրդի դեպքում, թերեւս գնահատվածից ավելի թանկ վաճառել հանարավոր կլիներ: Փաստորեն ստացվում է՝ կաթսայատունը ոչ մեկին պետք չի եկել, կամ էլ հայտարարությանը քչերն են տեղյակ եղել: 225 միլիոնը մտել է քաղաքի բյուջե, իսկ թե ինչի վրա է ծախսվելու՝ դեռեւս հստակեցված չէ` ավագանու որոշում պետք է լինի:


Մայիսյանի կաթսայատունը թողարկվել է 1993թ., գործել մինչեւ 2004թ մարտ ամիսը: Անի թաղամասի գազաֆիկացումից եւ անհատական ջեռուցման անցնելուց հետո կաթսայատունն էլ մատնվեց պարապուրդի՝ անցնելով դեռ չվաստակած հանգստի: Մայիսյանի կաթսայատան պահպանման ժամկետը 20 տարի է, 10 տարի գործել է, 4 տարի էլ ֆիզիկապես ու բարոյապես մաշվում էր:


Դեռ մի քանի ամիս առաջ միակ փրկությունը ապամոնտաժումն էր համարվում. եթե տարիներ առաջ սարքավորումների պահանջարկը շուկայում կար, այսօր արդեն` գրեթե ոչ:


Կաթսայատունը որպես այդպիսին արժեզրկվում էր, եթե մեկ տարի առաջ հաշվարկային արժեքը մոտ 3 միլիոն դոլար էր, ապա այսօր արդեն մեկ միլիոնը չի գերազանցում: Արդյունքում էլ քաղաքապատկան այս կառույցի ճակատագիրը որոշեց քաղաքապետարանը:


Կաթսայատունը ապամոնտաժվելու է առաջիկա վեց ամիսների ընթացքում, մի մասը օգտագործվելու է շաքարի գործարանի Ջէկի կառուցման համար, մյուս մասն էլ մետաղի ջարդոն է դառնալու:


Կաթսայատան տնօրեն Սամվել Համբարձումյանը սա ճիշտ լուծում է համարում. մի քանի տարուց այսօրվա ունեցածն էլ կփոշիանար, արդեն կոռոզիան անցնում էր կաթսայատան խողովակներով:


Գյումրիի «Ցայգ» ՀԸ