ԴՐԱՄԱՓՈԽՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Գյումրիի կենտրոնական շուկայում դրամափոխությամբ զբաղվողներին ոստիկանության աշխատակիցները եկել ու զգուշացրել են, որ իրենց գործունեությունն անօրինական է, եւ այլեւս չեն կարող աշխատել շուկայում:
Դրամափոխությամբ զբաղվողների խոսքերով եղել են նաեւ սպառնալիքներ՝ «Եթե շարունակեք համառել եւ աշխատեք, ապա կդիմենք կոշտ միջոցների»: Դրամափոխներն էլ անորոշ ու անելանելի վիճակում հայտնվելով՝ դիմել են մարզպետարան:
Շահումյանի արձանի հարակից տարածքում աշխատող դրամափոխների տառապանքը փորձ ունի:
Հիշեցնենք, որ ամռանը 6-րդ վարչության աշխատակիցները ներխուժել էին շուկայի տարածք, ձերբակալել շուկայում աշխատող ոստիկանների եւ մի խումբ դրամափոխների՝ բռնագանձելով նրանց մոտ եղած գումարը: Այս հայտնի իրադարձությունից հետո անցան խաղաղ ամիսներ, սակայն դրամափոխների համար ձմեռն իր սառնամանիքը ցույց տվեց:
Եղավ որոշում եւ հրահանգ՝ անօրինական դաշտում եք աշխատում եւ պետությանն էլ հարկ չեք տալիս, պետք է ամեն ինչ օրինականացվի: Հակառակ դեպքում օգոստոսյան դեպքերը կարող են կրկնվել: Դրամափոխները չեն հրաժարվում աշխատել օրինական դաշտում. միայն թե օրենքն իրենց վրա թանկ չնստի, տրվելիք հարկը լինի նրանց աշխատածի տրամաբանական մասը:
Իրենց խնդիրներով նրանք օրերս դիմել էին մարզպետ Լիդա Նանյանին, նա խոստացել էր հնարավորության ներածին չափով օգնել: Իսկ ահա այսօր դրամափոխները հանդիպեցին փոխմարզպետ Միքայել Վարդանյանի հետ, որտեղ եւս հարցին վերջնական պատասխան չտրվեց:
Դրամափոխների խոսքերով` այս ամբողջ աղմուկի եւ դժգոհությունների մեջ շահող կողմ են դուրս գալիս միայն տարադրամի փոխանակման կետերն ու նրանց բյուջեն:
Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերություն