Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՆԱԿՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Մարզեր


Գյումրիի Երկաթգծի Նոր Ավան թաղամասում բնակվող Սահակյաններն ու Հարոյաններն իրենց խնդիրներով որոշակիորեն տարբերվում են մյուսներից: Մի ընտանիքին զրկել են ընտանեկան նպաստից, մյուսում էլ առկա է բնակարանային անապահովվածության խնդիրը: Իսկ ընդհանրացողն այն է, որ երկու ընտանիքում էլ կան հիվանդներ:


Սահակյանները, որ ապրում են Երկաթ-գծի Նոր-Ավան թաղամասի 154/016 տնակում, զրկվել են ընտանեկան նպաստից` պատճառաբանելով, որ տանը աշխատող կա: Նրանք տնակում ապրում են 8-ով, ընդ որում՝ 71-ամյա Լուսինե Սահակյանն էլ տառապում է շաքարախտով, որի մոտ ոսկրի փտախտ է սկսվել: Օրերս նրանցից նորից փաստաթղթեր են պահանջել՝ Երեւան ուղարկելու համար, որտեղ էլ պետք է պարզվի նպաստ ստանալ-չստանալու հարցը:


Իսկ հարեւանությամբ՝ 154/021 տնակում ապրում են Հարոյանները: 2 դուստրերից մեկը՝ 15-ամյա Վարսիկը, քայլում է դիմաշորով. աղջկա արյան բաղադրության մեջ նորմայից շատ անգամ քիչ են լեյկոցիտները: Նվազել է աղջկա իմունային պաշտպանվածությունը,եւ բժիշկների խորհուրդով դեմքը փակում է, որպեսզի ոչ մի վիրուս չթափանցի օր•անիզմ:Վարսիկի մոտ բժիշկները հայտնաբերել են նաեւ նեւրոգրանատոս` չորրորդ փուլում: 15-ամյա այս աղջնակը, որը սովորում է Գյումրիի թիվ 27 դպրոցի 9-րդ դասարանում, տեղյակ է իր հիվանդության պատմությանը: Գիտե, որ ուռուցքը գեղձերից իջել է կրծքավանդակ ու մտել թեւատակ: Տեղյակ է նաեւ դեղերի այն կուրսից, որն ընդունել է:


Սակայն դեղամիջոցների հետ միասին բժիշկը նրան արեւ է նշանակել եւ հայտնել, որ հիվանդության հաղթահարման համար անհրաժեշտ է դուրս գալ տնակային ցուրտ ու խոնավ պայմաններից: Արդեն վեց ամիս է, ինչ դպրոց չի գնում, նրան կարդալ չի կարելի, քանի որ ընդունած քիմիական դեղերի պատճառով աչքերը ծանրաբեռնելիս մեծանում է կուրանալու վտանգը:


Բուժումը դեռ երկու տարի պետք է շարունակվի: Իսկ դրա համար մի խոչընդոտ էլ կա՝ ընտանիքի անապահով վիճակը.«Հիմա էս տնակում էլ չեմ կարող երեխա պահել, որովհետեւ էնտեղ բուժումը ստանում է, էստեղ գալիս, մրսում է: Ահավոր վիճակ է, նույնիսկ դեղերը ի վիճակի չեմ գնելու», - մտահոգված է աղջկա մայրը` Կարինեն: Տան միակ աշխատանք ունեցողը հայրն է՝ Գրիգոր Հարոյանը, որի աշխատավարձը նույնիսկ տարրական կենսապայմանների համար չի բավականացնում: Նրա ընկերների օգնությամբ Վարսիկը բուժման հինգ կուրս ավարտել է, մնացել է վերջինը:


Իսկ այս ընթացքում, ինչպես աղջիկն է գրում իր ալբոմում, կուզենա գրքեր կարդալ, նկարներ նայել ու պահպանել: Եւ ինչքան Աստված կյանք պարգեվի՝ ազատ ժամանակը կանցկացնի ընկեր-ընկերուհիների, բարեկամների հետ եւ հույսեր կփայփայի, որ բոլորի հետ բարի կլինի:


Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերություն