ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ԱՎԱՐՏՎԻ
Աջակցիր «Ա1+»-ին
Գյումրիի Արմեն Նազարովի անվան Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտն արդեն քսան տարի գործում է տնակային պայմաններում:
Գիտությունների Ազգային ակադեմիայի եւ կառավարության համաձայնությամբ կառուցվում է ինստիտուտի նոր մասնաշենքը, որը բարենպաստ պայմաններ կապահովի աշխատակազմի առավել արդյունավետ գործունեության համար: Սակայն նախատեսվածին հակառակ՝ շենքը շահագործման կհանձնվի ոչ թե այս տարի, այլ հավանաբար 2010 թվականին:
Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի նոր մասնաշենքի կառուցումը շարունակելու համար կառավարությունը 2009 թվականի բյուջեից հատկացրել է 135 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ գրեթե վեց անգամ ավել է: Հաշվարկը ցույց է տվել, որ այդ գումարով հնարավոր է ամբողջությամբ ավարտին հասցնել կառույցի մեկ մասնաշենքի շինարարությունը: Աշխատակազմը մտադիր է այդ դեպքում այս տարեվերջին գոնե մասնակիորեն տեղափոխվել նոր շենք: Երկրորդ մասնաշենքի եւ դահլիճի շինարարությունը կավարտվի հաջորդ տարի, որից հետո էլ արդեն կիրականացվեն ջեռուցման աշխատանքները: Սա ինստիտուտի գերխնդիրներից մեկն է, որն անհնար էր լուծել տնակային պայմաններում:
Ինստիտուտի աշխատակազմն անհամբերությամբ սպասում է նաեւ դահլիճի բացմանը: Նախագծի համաձայն այն լինելու է երեք հարյուր տեղանոց, որտեղ կանցկացվեն մեծ գիտաժողովներ:
Ներկայում դա կապված է լուրջ խնդիրների հետ: Նման դեպքերում ինստիտուտի աշխատակիցները դիմում են մանկավարժական ինստիտուտ կամ Արվեստների ակադեմիա՝ խնդրելով իրենց դահլիճ տրամադրել : Բարեկարգ մասնաշենքի անհրաժեշտությունից բացի, տնօրինությունը երկրորդ կարեւոր խնդիր է համարում նոր սարքավորումներով համալրումը: Եղածները չեն բավարարում ժամանակակից պահանջները:
Ինստիտուտի տնօրեն Սեւադա Հովհաննիսյանը նշում է, որ վերջերս խոսակցություն է շրջանառվում, թե հնարավոր է մի մասնաշենքը հատկացվի սեյսմիկ ծառայությանը: Սակայն այդպիսի որոշում առայժմ չկա, իսկ կառուցումից առաջ այն նախատեսվել է երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի համար՝ կառավարության եւ Գիտությունների Ազգային Ակադեմիայի համաձայնությամբ:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ