ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿ ՎԱՆԱՁՈՐՈ՞ՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Փետրվարի 1-ից Վանաձորում կրկին արձանագրվում են աղիքային վարակի դեպքեր: Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, բժիշկ Ռոբերտ Չիլինգարյանի հետ հանդիպելու եւ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու մեր փորձը անհաջողությամբ պսակվեց: Հեռախոսազրույցի միջոցով հաջողվեց պարզել միայն, որ հիվանդանոցում բուժում է ստանում 23 հիվանդ:
Հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության Պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ, Լոռու մարզի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Կարինե Միրզոյանի տեղեկացմամբ Վանաձորում աղիքային վարակի բռնկման վերաբերյալ շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Կարինե Միրզոյանի գնահատմամբ՝ Վանաձորում էպիդեմիկ իրավիճակը հանգիստ է, փետրվարի 1-ին եւ 2-ին արձանագրվել են աղիքային վարակի հինգական դեպքեր, փետրվարի 3-ին՝ երկու, իսկ 4-ին՝ մեկ դեպք, ընդ որում բոլոր վարակվածները մինչեւ 2 տարեկան երեխաներ են: Նա նշում է, որ թեեւ արձանագրված դեպքերն ընդհանուր համաճարակաբանական ֆոնից ընդամենը մեկ-երկու դեպքով են ավելի, այնուամենայնիվ, Հիգիենիկ հակահամաճարակային հսկողության Պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնը համաճարակաբանական անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկում է՝ խուսափելու 2008թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արձանագրված պատկերից: Արձանագրված դեպքերին տեղյակ են նաեւ մայրաքաղաքի համապատասխան գերատեսչությունները: Աղիքային վարակի վերջին դեպքերի պատճառները Կարինե Միրզոյանը չհրապարակեց՝ լաբորատոր հետազոտության արդյունքները դեռեւս պատրաստ չլինելու պատճառով:
Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար նա բնակչությանը հորդորում է օգտագործել եռացրած ջուր եւ պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները: