Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կեղտաջրերը թափվում են Դեբեդ

Մարզեր

Ժայռից հոսող ջուրը շատ հաճախ զբոսաշրջիկները շփոթում են լեռնային աղբյուրի հետ ու լուսանկարվում այստեղ։

Սակայն հատկապես ամռանը տհաճ հոտը մատնում է, որ դա ընդամենը կոյուղաջուր է, որն առանց մաքրման ենթարկվելու Ալավերդու Սարահարթ թաղամասի 75 բազմաբնակարան շենքերից լցվում է գետը։ Դեբեդն են լցվում նաև այլ քաղաքների կոյուղաջրերը։

Այդպիսով` յուրաքանչյուր ամիս գետ է արտանետվում մեխանիկական, կենսաբանական ու քիմիական մաքրման չենթարկված 56.500 խմ կեղտաջուր։ Այնինչ՝ մինչ երկրաշարժը Դեբեդի գետավազանի գրեթե բոլոր քաղաքներն ունեցել են ջրահեռացաման համակարգեր և կեղտաջրերի մաքրման կայաններ։

Օրական 20 հազար մետր խորանարդ մաքրման հզորությամբ Ալավերդու կոյուղու մաքրման կայանը չի գործում արդեն 15 տարի։

«Հայջրմուղկոյուղու» Ալավերդու տեղամասի շահագործման բաժնի պետը նշում է, որ 1990 թվականից սկսած մի քանի տարի հոսանքի, քլորի և այլ նյութերի բացակայության պատճառով կայանը գործել է միայն մեխանիկական մաքրումով։ Ֆիզիկական ու բարոյական մաշվածության պատճառով հիմա դա էլ չի գործում։

Մաքրման կայան հասնող խողովակաշարերը տարիների ընթացքում մաշվել են, քայքայվել ու գետն ընկել։ Արդյունքում կեղտաջրերը առանց մաքրման թափվում են ջրային ավազաններ՝ աղտոտելով շրջակա միջավայրը եւ ստեղծելով համաճարակային հիվանդությունների վտանգ։

Այնինչ՝ ամռանը այստեղ երեխաներ են լողանում։ Ալավերդու գլխավոր համաճարակաբան Ժաննա Բեդյանը նշում է, որ պարբերաբար մանրէաբանական ու քիմիական ստուգումներ են անցկացվում։ Խոլերայի հարուցիչներ չեն հայտնաբերվել, սակայն սահմանված ցուցանիշներից շեղումներ կան։ Այդ պատճառով էլ գետում լողանալն արգելվում է։
«Կոյուղու մաքրման կայանի չգործելը մեր մեծ ցավն է, վտանգը կարող է մեծանալ բացիլակիր հիվանդ լինելու դեպքում»,- ասում է բժիշկը։

Մասնագետները նշում են, որ Դեբեդ գետի ջուրը ոռոգման նպատակով օգտագործելիս նունպես կարող է վնասակար ազդեցություն ունենալ, վարակի աղբյուր հանդսանալով գյուղմթերքների միջոցով։

«Հայջրմուղկոյուղի» ընկերության Ալավերդու տեղամասի ներկայացուցիչը նշում է, որ իրենց կազմակերպությունը նման կայաններ կառուցելու կամ վերակառուցելու հնարավորություն չունի. դրանք մեծ ծախսեր են պահանջում։

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ