Ընտանիքը մնաց բաց երկնքի տակ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ժամը մոտավորապես 15.30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Շիրակի մարզի Կապս գյուղում:
Վանիկ Քոչարյանին պատկանող տնակը, բռնկվելուց ընդամենը 2-3 րոպե անց, հայտնվել էր բոցերի մեջ: Կապս գյուղում բռնկված հրդեհի ծուխը տեսանելի էր դեռեւս Գյումրու ութերորդ զինվորական թաղամասից: Եւս մի քանի րոպե ու 88-ի երկրաշարժից հետո տեղադրված ժամանակավոր կացարանը հիմնահատակ այրվել էր:
Ականատեսներն ու տան տիկինն ասում էին, թե միակ պատճառը կարող էր միայն էլեկտրալարերի շփումը լինել: Դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզի փրկարարներն ու հրշեջների մեկ հաշվարկ, որը տեսնելով հրդեհի ծավալները, օգնության էր կանչել երկրորդին:
Հրդեհը մի պահ նահանջեց, սակայն շուտով սկսվեց երկրորդ բռնկումը: Սակայն նոր զարգացումներ չեղան: Հրդեհաշեջմանն ակտիվորեն աջակցում էին նաեւ հարեւանները:
Վանիկ Քոչարյանի, 5 անձից բաղկացած ընտանիքը մնաց բաց երկնքի տակ, բայց համագյուղացիներն ու հարազատներն աջակցելու պատրաստակամություն հայտնեցին:
Հրդեհի բռնկման պատճառներն հայտնի կդառնան մասնագիտական ուսումնասիրությունից հետո:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ