Ոստիկանապետը Գյումրիում էր
Աջակցիր «Ա1+»-ին«Պետք է վերացնենք անպատժելիության մթնոլորտը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ օրենքն է առաջնայինը, որի առաջ բոլորն էլ հավասար են»,- այս կարծիքն է հայտնել Հայաստանի կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ով աշխատանքային այցով ժամանել էր Գյումրի:
2008 թվականի մայիսի 29-ին Հայաստանի կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելուց ի վեր Ալիկ Սարգսյանն առաջին անգամ մարզային շրջայցեր է իրականացնում: Նպատակը ոչ միայն աշխատանքային գործունեությանը ծանոթանալն է, այլեւ առօրյա, սոցիալական եւ իրավական պաշտպանվածության խնդիրներին տեղելանալը: Պարոն Սարգսյանն իր կարծիքն հայտնեց Շիրակի մարզի օպերատիվ վիճակի մասին:
ՙ Շիրակի մարզում օպերատիվ իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է ոստիկանության կողմից, Շիրակի մարզում մենք ի վիճակի ենք ապահովելու ամուր հասարակական կարգ՝ ցանկացած իրադրության մեջ՚, - ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:
Նա վստահեցրեց, որ ոստիկաններն այսօր մարտական են տրամադրված եւ պատրաստ են դիմագրավելու թե հանցագործ աշխարհի, թե օրենքից իրենց վեր դասող ցանկացած անհատի կողմից նետված մարտահրավերի: Անդրադառնալով Շիրակի մարզում գրանցված հանցագործությունների ցուցանիշին' նա նշեց, որ այն ավելացել է, ինչը սակայն արձանագրումների արդյունք է:
ՙ Աճն, ըստ իս, որեւիցե կերպ տագնապ հարուցել չի կարող, որովհետեւ աճի հետ միասին բացահայտման տոկոսը կտրուկ բարձրացել է: Շիրակի մարզում այն հասնում է 90 տոկոսի՚, - համեմատում է ոստիկանապետը:
Ալիկ Սարգսյանն իր խոսքում շեշտեց, որ շահագրգռված է ԶԼՄ-ների միջոցով ոստիկանության եւ հասարակայնության միջեւ կապի հաստատմանն ու զարգացմանը:
Ոստիկանապետն իր գնահատականը տվեց նաեւ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձության ժամանակ ոստիկանության մասնակցության վերաբերյալ. ՙԴե, բնականաբար, այս անցուդարձերում ոստիկանությունն էլ որոշակի թերություններ ունեցել է ծառայական առումով: Բոլորն են տուժել: Ես չգիտեմ ով է օգտվել էս ամեն ինչից՚:
Գլխավոր ոստիկանապետը դատարկաձեռն չէր այցելել Շիրակի մարզ: Տեղի անձնակազմին նա Նիվա մակնիշի մարդատար ավտոմեքենա նվիրեց, խոստանալով առաջիկայում քննարկել Գազելի տրամադրման հարցը: Տեղի հատուկջոկատայիններին խոստացավ 100 տոկոսով աջակցել անհրաժեշտ պարագաների տրամադրման ու ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացման հարցերում: Նա նաեւ այցելեց Ոստիկանության Անիի,Ախուրյանի, Արթիկի բաժիններում, Գծային ոստիկանությունում:
Հետգրություն. Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Ոստիկանության Գյումրու բաժնի պետի Ծառայության գծով տեղակալ Համլետ Կիրակոսյանին շնորհվեց ոստիկանության գնդապետի կոչում:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ