Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել. վերլուծաբան (տեսանյութ)
«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն Թեքեյան կենտրոնում կազմակերպել էր գիտա-գործնական կոնֆերանս՝ «Արցախի Հանրապետության ձևավորման օրինականությունը միջազգային իրավունքի տեսանկյունից» թեմայով: Քննարկմանը ներկա էին հասարակական-քաղաքական գործիչներ, պատմաբաններ, քաղաքագետներ և այլք։ Ելույթներով հանդես եկան Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, քաղաքական գործիչ Արամ Սարգսյանը, քաղաքագետ, փիլիսոփա Ալեքսանդր Մանասյանը, Դեմկուսի և «Ներուժ» կրթամշակութային ՀԿ-ի անդամ Ժասմինա Ղևոնդյանը, քաղաքական վերլուծաբան Հրազդան Մադոյանը և այլք։ Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ նախկինում ԵԱՀԿ շրջանակներում և Դորտմունդյան խորհրդաժողովում քննարկումները ցույց են տվել, որ պատմական փաստարկներն ընդունելի չեն, ուստի պետք է շեշտը մշտապես դնել իրավական փաստարկների վրա։ Ժասմինա Ղևոնդյանը խոսեց Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլ քաղաքներում ու գյուղերում ադրբեջանցիների կողմից 1980-ականների վերջին սկսված հայաթափման գործողություների, ջարդերի և էթնիկ զտումների մասին։ Ղևոնդյանը ընդգծեց, որ ադրբեջանական իշխանությունների այդ քայլերի պատճառը ոչ թե Հայաստան-Արցախ վերամիավորման պահանջն էր հայերի կողմից, այլ՝ ուղղակի դա որպես առիթ օգտագործվեց։ «Չլիներ Արցախի ազատագրական պայքարը, նույն հայաթափումը սպասվում էր Արցախին»,- շեշտեց նա։ Վերլուծաբան Հրազդան Մադոյանը հիշեցրեց Հելսինկյան պայմանագրի մասին, որտեղ և առաջին անգամ խոսվել է պետությունների տարածքային ամբողջականության մասին։ Իսկ խոսքը ոչ թե բացարձակապես պետությունների տարածքային ամբողջականության մասին է, այլ. «Պետությունները հարգում են միմյանց սահմանների անձեռնմխելիությունը»։ Մադոյանն առանձնացրեց այն հանգամանքը, որ Արցախի բնակչությունը, անկախ իր ազգային պատկանելիությունից, անկախացել է ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Մադոյանը հիշեցնում է, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հետևանքով։ «Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել։ Եթե Ադրբեջանի կազմում չի եղել, բնականաբար Ադրբեջանից դուրս գալ չէր կարող»,- եզրափակեց նա։ Մանրամասները տեսանյութում.