Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերյան-Ոսկեպար հատվածը անորակ է կառուցվել. պատասխանատուները պիտի պատժվեն

Քաղաքականություն
dJnonLW904w

Կառավարության նիստում քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեում  վերաբաշխում կատարելու մասին ՀՀ Կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի  ընդունած որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը զեկուցեց, որ ըստ նախագծի՝ պետք է կատարվի ծրագրային վերաբաշխում  վարկային ծրագրերի միջև: «Եվրոպական ներդրումային  բանկի  աջակցությամբ իրականացվող Վանաձոր-Ալավերդի, Վրաստանի սահմանի միջպետական նշանակության ճանապարհի 38 կմ երկարությամբ հատվածը ավարտվել է 2018թ. դեկտեմբերին, նախանշվածից շուտ, հետևաբար 2019 թվականին պլանավորված գումարների անհրաժեշտություն չկա շուրջ 76 մլն դրամի չափով, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող նույն ճանապարհահատվածի մնացած՝ 51 կմ երկարությամբ հատվածի համար, լրացուցիչ հողերի օտարման անհրաժեշտություն  է առաջացել, ընդհանուր 12,7 մլն դրամի չափով»:  Հարցի զեկուցումից հետո, Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ բազմիցս են ասել, որ չեն հանդուրժելու վատ որակի ճանապարհները: «Նախորդ տարվա ճանապարհաշինության փորձից մենք տեսանք, որ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք մեր հայտարարված մրցույթներում հաղթել են և իրականացրել են անորակ աշխատանք, և ովքեր են իրականացնում այդ անորակ աշխատանքներ, դրանք նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ են, որոնք իրենց հին սովորության համաձայն մտածում են, թե ես նոր պայմաններում, կարող են անորակ ճանապարհ կառուցել ու տենց անցնի գնա»: Վարչապետը ընդգծեց՝ խոսքը Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածի մասին է: Այդ աշխատանքի ավարտը հայտարարվել էր անցյալ տարի, բայց Կառավարությունը չի ընդունել այդ աշխատանքները՝ նրանց բացարձակ անորակ լինելու պատճառով: «Մենք այդ մարդկանց պատճառով կորցրել ենք ժամանակ, որը ամենաթանկն է, կորցրել ենք ռեսուրսներ»,- շեշտեց վարչապետը:  Բազմաթիվ ահազանգեր են ստացել քաղաքացիներից, որ ճանապարհը արդեն քանդվում է: «Այդ մարդիկ պիտի պատժվեն, որովհետև դրանք իսկապես  սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են, բավարար չէ, որ նրանք նորից այդ նույն աշխատանքը կատարեն: Նրանք պիտի զգան մեր հակահարվածը»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն այս խոսքն ավարտելուց  հետո, դիմեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թե ի՞նչ լծակներ ունեն այս հարցը կարգավորելու համար: Դատախազն էլ արձագանքեց՝ պետք է նայել պայմանագիրը ինչ կարգավորումներ է նախատեսել: «Որպես կանոն այդ պայմանագրերը նախատեսում են ձեր ասած՝ պատժի ֆակտորը, տույժ տուգանքներ պիտի նախատեսված  լինեն ժամկետների և մյուսների հետ կապված: Որպեսզի քրեական գործի հասնի, մենք պայմանագիրը  և թերությունների բովանդակությունը և ծավալը  պիտի ուսումնասիրենք, որ տեսնենք  այնտեղ հնարավոր է հանցակազմ պարունակող արարքներ լինեն»: