Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՀՄՖ-ի բողոքը. Բրիտանական թանգարանի ցուցասրահի անվանումն անհեթեթ է

Քաղաքականություն
aah

Հայտնում ենք, որ 2013 թվականին Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) դիմել էր Բրիտանական թանգարանին (անգլ.՝ British Museum), որը Լոնդոնի ամենամեծ և աշխարհի ամենանշանակալի արվեստի և պատմության թանգարաններից է, որպեսզի վերջինս վերանվաներ թիվ 54 ցուցասրահը, որը կրում էր "Ancient Turkey" անհեթեթ և պատմականորեն որևէ հիմք չունեցող անվանումը: Հետևողական պահանջախնդրության ու գործադրած մեծ ջանքերի շնորհիվ ԵՀՄՖ-ը հասավ նրան, որ Բրիտանական թանգարանն անվանափոխեց հիշյալ ցուցասրահը, և այժմ այն կրում է "Anatolia and Urartu 7000-300 BC (Room 54)" անվանումը: Այս օրերին ԵՀՄՖ-ը, հայփորձագետ-պատմաբանների հետ համագործակցությամբ, նամակ է պատրաստել` ուղղված Բրիտանական թանգարանին` պահանջելով, որպեսզի "Anatolia and Urartu 7000-300 BC (Room 54)" անվանումը փոխարինվի "Ancient Anatolia and Armenian Highland"-ով, որն առավել լիարժեքորեն է արտահայտում պատմական ու աշխարհագրական առումով այդ սրահում ցուցադրվող արտեֆակտների  ու ցուցանմուշների ծագումը: Բացի այդ, ԵՀՄՖ-ին մտահոգում է այն փաստը, որ հելլենիստական դարաշրջանով թվագրվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը, որը գտնվում է Բրիտանական թանգարանում, ցուցադրվում է հունական և հռոմեական բաժնում, որպես հունահռոմեական հնություն: Բրիտանական թանգարանի գլխավոր տնօրենին ուղղված ԵՀՄՖ-ի նամակի անգլերեն բնօրինակը և հայերեն թարգմանությունը ներկայացվում են ստորև. Հարգելի պարոն Ֆիշեր Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) անունից հայտնում եմ իմ անկեղծ երախտագիտությունը Բրիտանական թանգարանի դրսևորած կառուցողական մոտեցման առնչությամբ, որը, մեր խնդրանքով (2013թ. հունվար-ապրիլ ամիսներին ԵՀՄՖ-ի կողմից ներկայացված նամակների հիման վրա), «Հին Թուրքիա» ցուցասրահը վերանվանեց «Անատոլիա և Ուրարտու մ.թ.ա. 7000-300թթ. (Ցուցասրահ 54)»: Չնայած մեր կարծիքով սա քայլ է ճիշտ ուղղությամբ, այնուամենայնիվ, որպես Եվրոպայում բնակվող բազմաթիվ հայերի տեսակետները ներկայացնող կազմակերպություն, մենք օգտվում ենք այս հնարավորությունից` առաջարկելու այլընտրանքային անվանում: Ցուցասրահի ներկայիս անվանումը` «Անատոլիա և Ուրարտու մ.թ.ա. 7000-300թթ. (Ցուցասրահ 54)», մասամբ վերաբերում է աշխարհագրական տարածքի, և մասամբ`պետության (Ուրարտու), որը գոյություն է ունեցել Հայկական լեռնաշխարհ կոչվող տարածքում` որոշակի պատմական ժամանակաշրջանում: Հարկ է նաև նշել, որ Ուրարտուն դադարել է գոյություն ունենալ մ.թ.ա. 7-րդ դարի վերջերին, և այդ տարածքում կազմավորվել է Հայկական պետությունը: Հետևաբար, պատմական գիտության տեսակետից ճշգրիտ չէ նշել Ուրարտուն, որպես մինչև մ.թ.ա. 300 թվականը գոյություն ունեցած պետություն: Ամենայն հարգանքով հանդերձ, մենք համարում ենք, որ ավելի ճիշտ կլիներ այս  տարածաշրջանն անվանել «Հին Անատոլիա և Հայկական լեռնաշխարհ»: Մեր կարծիքով այն ճիշտ է բնութագրում 54-րդ ցուցասրահում ներկայացվող ցուցանմուշների ծագումը և արտացոլում է տարածաշրջանի պատմությունն ավելի ճշգրիտ: Անկասկած, Դուք քաջատեղյակ եք, որ Անատոլիան Փոքր Ասիայի աշխարհագրական անվանումն է` տրված հին հույների կողմից (որը հունարեն նշանակում է հենց «արևելք») մ.թ.ա. 1-ին հազարամյակում: Այսօր որոշ գիտնականներ խուսափում են օգտագործել «Հայկական լեռնաշխարհ» եզրը և նախընտրում են «Արևելյան Անատոլիա»-ն, որը մենք համարում ենք արհեստական եզր: Չնայած որոշ գիտնականների դժկամությանը, «Հայկական լեռնաշխարհ» եզրը լայնորեն կիրառվում է մի շարք գիտնականների կողմից` սկսած 19-րդ դարից, որոնք, հիմնվելով սկզբնաղբյուրների վրա, հստակորեն բաժանել ու ուրվագծել են Անատոլիայի և Հայկական լեռնաշխարհի պատմական սահմանները: Ի լրումն, մենք ամենայն հարգանքով առաջարկում ենք, որ հայոց Անահիտ դիցուհու բրոնզաձույլ գլուխը ("The Satala Aphrodite"), որը հնագույն, նախաքրիստոնեական Հայաստանի խորհրդանիշն է, չներկայացվի որպես հունական կամ հռոմեական հնություն, ինչպես այժմ է: Վերոնշյալ առաջարկներին աջակցում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի Հնագույն պատմության բաժինը: Հուսով ենք, որ Բրիտանական թանգարանի խորհուրդը կքննարկի մեր առաջարկները և ակնկալում` Ձեր արձագանքը:   Հարգանքով` ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյան