Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը մասնակցել է հյուրերի ոչ պաշտոնական հանդիպմանը

Պաշտոնական
17214

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի ֆորումի հյուրերի ոչ պաշտոնական հանդիպմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի մասնակից հյուրերի ոչ պաշտոնական հանդիպմանը։  Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնը, Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդեն, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Բահրեյնի, Լատվիայի, Ղազախստանի արտաքին գործերի նախարարները, ԱՄՆ նախագահի օգնական և միջազգային բանակցությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյսըն Գրինբալթը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Իր ելույթում նախագահ Սարգսյանը խոսել է մեր երկրի զարգացման հեռանկարների ու ապագայի մասին։ Արմեն Սարգսյանը Հայաստանը ներկայացրել է որպես տեխնոլոգիաների, նորարարությունների երկիր՝ նշելով, որ երկրի զարգացման հիմնական լոկոմոտիվը բարձր տեխնոլոգիաներ են, գիտությունը, կրթությունը, նորարարություններն ու ստարտափները:  Նա խոսել է Հայաստանի ներդրումային հնարավորությունների և գործարարությամբ զբաղվելու առավելությունների մասին։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հարուստ չէ բնական ռեսուրսներով, սակայն ունի մեկ շատ կարևոր ռեսուրս տարբեր բաղադրիչներով, և դա մարդկային ռեսուրսն է: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ երկիրն ունի բոլոր հնարավորությունները դառնալու շատ հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր։