Իմ նպատակն էր հայ հանրությանը ներկայացնել Քոչարյանի իրական կերպարը. Վ. Շիրխանյան (տեսանյութ)
ԵԿՄ համագումարին մասնակցում է նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Լրագրողների դիտարկմանը, թե՝ փաստորեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակի առնչությամբ քրգործ չհարուցվեց՝ այն պատճառաբանությամբ, որ վաղեմության ժամկետը անցե՞լ է, Շիրխանյանը պատասխանեց. «Իմ նպատակն էր հայ հանրությանը ներկայացնել Քոչարյանի իրական կերպարը՝ թույլ չտալով, որ նա խեղաթյուրի, կեղծի պատմությունը: Սա պետք է իմանա երիտասարդ սերունդը, նա պետք է առերեսվի ճշմարտության հետ»: Կարծիքը, թե նամակում շահարկվում է Վազգեն Սարգսյանի անունը, Վահան Շիրխանյանը տեղին չհամարեց: «Ես խոսել եմ շատ վաղուց, 2001 թվականին ես գրել եմ մի այսպիսի հոդված՝ Վազգենին վարկաբեկոլով 27-ը չի կոծկվի և դրան հաջորդել են տասնյակ հարցազրույցներ ու հոդվածներ, ես միշտ եմ խոսել: Նույնիսկ բանտից եմ խոսել 2 բաց նամակով Սերժ Սարգսյանին»: