«Տղե՛րք, իմ աչքերը ձեզ վրա են». Ա. Սարգսյանը հիշեց Վազգեն Սարգսյանի խոսքը (տեսանյութ)
Երկրապահ կամավորների միության համագումարին ելույթ ունեցավ նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նա կարևորեց Երկրապահի պատմությունը Երրորդ հանրապետության մեջ։
«Երկրապահը նաև իմ կենսագրությունն է։ Եղած կառույցների ու կազմակերպությունների մեջ իմ և իմ ընտանիքի համար ամենահարազատն է։ Իմ կյանքի ամենախոշոր հաղթանակներն ու ցնծությունները Երկրապահի հետ են կապված։ Երկրապահը նաև այս երկրի պատմությունն է»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի՝ երկրապահ լինել նշանակում է պետության կողքին և թիկունքին լինել։ «Երկրապահի պատմությունն ու դերը շատ-շատ մեծ է։ Ես այսօրվա ձեր հավաքը նայելով տեսնում եմ ու համոզված եմ, որ Երկրապահը նաև ապագա ունի։ Մենք այստեղ հավաքվել ենք ոչ միայն եղածը պահելու, մոխիրը հավաքելու, այլ ավելին՝ ընդլայնվելու, ուժեղանալու ու կրակի վերածվելու»։ Արամ Սարգսյանը նաև վերհիշեց եղբոր՝ Վազգեն Սարգսյանի տողերը․ «Տղե՛րք, իմ աչքերը ձեզ վրա են»։