Բացել լրահոսը Փակել լրահոսը
sergey
A A
Քաղաքականություն

Մատենադարանի տնօրենը հույս ունի հնագույն քաղաքակրթությունների չորրորդ ֆորումը կազմակերպել Հայաստանում (տեսանյութ)

2016 թվականին Հունաստանի նախաձեռնությամբ ստեղծվել է հնագույն քաղաքակրթությունների ֆորում կամ Հնագույն քաղաքակրթությունների հանդիպում. լրագրողների հետ, հանդիպմանն ասաց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Տնօրենի փոխանցմամբ՝ երկու տարին մեկ կազմակերպվում են հանդիպումներ, որոնց մասնակցում են պետությունների արտգործնախարարները կամ գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները։ Իսկ այդ հանդիպումներից հետո  ֆորումը կազմակերպվում է  արդեն ակադեմիական մակարդակով, որին բացի դիվանագիտական ներկայացուցիչներից մասնակցում են ակադեմիական շրջանակների գիտնականներ, թանգարանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ և այլն։

Ֆորում անցկացվում է երկու տարին մեկ։ Առաջին ֆորումն անց է կացվել Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, իսկ երկրորդը՝ Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում։ Տնօրենի փոխանցմամբ՝ Հայաստանը 2018 թվականին դարձավ ֆորումի լիիրավ անդամ։ «Ինչո՞վ է սա կարևոր։ Որովհետև այս կազմակերպության մեջ կա ընդամենը 9 անդամ պետություն»,- ընդգծում է նա։

Անդամ պետություններն են՝ Հունաստան, Իտալիա, Հայաստան, Չինաստան, Իրան, Իրաք, Եգիպտոս, Բոլիվիա և Պերու։ Հաջորդ ֆորումը տեղի կունենա Չինաստանում, և Տեր-Ղևոնդյանը հույս հայտնեց չորրորդը կազմակերպել Հայաստանում։ Ֆորումում հիմնական քննարկման հարցերը վերաբերում են հնագույն մշակույթների և քաղաքակրթությունների նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանմանը, մեկը մյուսին փոխանցմանը։

«Մշակույթը նպաստում է քաղաքականությանը»,- ընդգծեց Վահան Տեր-Ղևոնդյանը՝  նկատի ունենալով այս ֆորումի միջոցով Հայաստանի անունը հայտնի դարձնել աշխարհում, քանի որ մշակութային գործոնը նպաստում է տվյալ երկրի քաղաքական կշռի բարձրացմանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում