Մեկնարկել է Ն. Փաշինյանի այցը Եվրոպայի խորհուրդ. վարչապետը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ի երեկոյան ժամանել է Ստրասբուրգ. ապրիլի 11-ին սկսվել է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ էր: Մինչ հանդիպումը վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»: ԵԽԽՎ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպայի խորհուրդ` նշելով, որ ուրախ է Նիկոլ Փաշինյանին կրկին հանդիպելու համար` այս անգամ արդեն Ստրասբուրգում: Նա գոհունակություն է հայտնել մարտի վերջին Հայաստան կատարած իր այցի կապակցությամբ, որի շրջանակում արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ, ելույթով է հանդես եկել Ազգային ժողովում և մասնակցել է Երևանում «Եվրոպայի հրապարակի» բացմանը: Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ ՀՀ վարչապետի այցի հագեցած օրակարգը` բարձր մակարդակի հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների հետ, Հայաստանի վարչապետի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնապես բացումը վկայում է Հայաստան-ԵԽ գործընկերության արդյունավետ ընթացքի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: ԵԽԽՎ նախագահի խոսքով` ԵԽ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ: