Սեյրան Օհանյանը զրկված է գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից. փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ինՆյութերին ծանոթանալու քննիչի կողմից տրված ժամկետն ավարտվել է ապրիլի 6-ին. «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Փաստաբանն ասաց, որ ապրիլի 8-ին միջնորդություն են ներկայացել, որպեսզի իրենց տրամադրվի ևս 50 աշխատանքային օր գործի նյութերին ծանոթացումը շարունակելու համար։ Մեժլումյանն ասաց, որ նյութերի թղթային հատորների սքանավորված տարբերակների մոտավորապես կեսին է ծանոթացել, կա ևս 71 հատոր էլեկտրոնային կրիչներով (ավելի քան 250 գբ), որոնց դեռևս չեն ծանոթացել։
«Մենք միջնորդել էինք, որպեսզի պարոն Օհանյանին ծանոթանալու համար տրամադրվի նյութերի թղթային տարբերակը (ինչն, ի դեպ օրենքի պահանջն է), քննիչը մեզ մերժել է, չի տրամադրել։ Սեյրան Օհանյանը զրկված է ծանոթանալու հնարավորությունից։ Կրկին միջնորդել ենք, որ Օհանյանին տրամադրվի թղթային տարբերակը»,- ասաց նա։
Մեժլումյանը նաև միջնորդություն է ներկայացրել, որպեսզի մայր գործում առկա տեսագրությունները, արձանագրությունները տրամադրվեն։ Որովհետև, ըստ փաստաբանի, տրամադրված 76 հատոր նյութերը ծաղկաքաղ են արված, և այն ապացույցները, որոնք կարող են արդարացնող լինել մեղադրյալ կողմի համար, քննիչը չի կցել, բայց մեղադրական բնույթի ապացույցները կցվել են. «Մենք ասում ենք՝ «Բոլոր ապացույցները կցեք»»։
Փաստաբանի խոսքով՝ Սեյրան Օհանյանին վերագրված չեն այնպիսի գործողություններ, որոնք կարող են առնչություն ունենալ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հետ, ինչպես նաև պարզ չէ, թե 0038 հրամանով կամ արտակարգ դրություն հայտարարելու հրամանով ինչպես է սահմանադրական կարգը տապալվում։ Մեղադրվող կողմը հերթական անգամ խնդրել է, որպեսզի մեղադրող կողմը պարզաբանի առաջադրված մեղադրանքը, և Օհանյանն ինչքանով կապ ունի դրա հետ։
«Մենք չգիտենք, օրինակ՝ որքան ժամանակ է սահմանադրական կարգը մնացել տապալված։ Ասում ենք՝ «Բացատրե՛ք մեզ, թե ի՞նչ գործողությամբ է սահմանադրական կարգը տապալվել և ի՞նչ գործողությամբ է այն վերականգնվել», որպեսզի մենք կարողանանք պաշտպանվել. դա էլ չեն ասում»,- նշում է փաստաբանը։
Փաստաբանը հերքում է, որ 0038 հրամանով ռազմական որևէ նոր կառույց է կազմավորվել, այդ թվում՝ կայազոր։ Կարեն Մեժլումյանը նաև գրավոր դիմել է քննիչին, որպեսզի վերջինս պարզաբանի, թե ինչու է 2009 թվականին ընդունված, իր մեջ նոր հանցակազմ պարունակող 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրվում Սեյրան Օհանյանին։