«Իմ համար որևէ մեկը չի միջնորդել». ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնն աջարկվել է Գեղամ Գեւորգյանին
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանին։
ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, Գեւորգյանն ասաց, որ չի ցանկանում գնահատական տալ ՏՄՊՊՀ նախին ղեկավարների աշխատանքին։
«Ես չէ, որ պետք է գնահատական տամ որևէ մարմնի աշխատանքին։ Ամեն մեկն իր գնահատականն ունի։ Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա աշխատանքին, ասեմ, որ պատկերացնում եմ շատ դինամիկ, կարծում եմ, որ ոլորտը բավականին հետաքրքիր է ու շատ բան կա անելու, ավելին՝ ոլորտում հետաքրքիր ձեռքբերումներ են լինելու»,- նշեց Գեւորգյանը։
Հարցին՝ արդյո՞ք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ջերմ կապերն են ընկած նրա պաշտոնի առաջադրվելու հիմքում, Գեղամ Գեւորգյանը նկատեց, որ իրեն նշանակել են այս պաշտոնին՝ իր մասնագիտական կարողություններից ելնելով։
«Տիգրան Ավինյանի հետ իմ ջերմ կապերը չի անդրադարձել որևէ բանի վրա»։
Գևորգյանը, խոսելով մենաշնորհների և դրանց դեմ պայքարի մասին, ասաց որ ինքը չի պայքարելու մենաշնորհների վերացման համար։
«Մոտ օրերս ԱԺ-ում ելույթ եմ ունենալու, իմ ելույթի գլխավոր կետը վերաբերում է հասարակության ընկալմանը՝ մենաշնորհի, գերիշխող դիրքերի գների վերաբերյալ։ Կարծում եմ՝ ճիշտ չեն ընկալում, թե ինչ է մենաշնորհը, ինչ է գերիշխող դիրքը և ինչ պետք է անենք այդ կառույցների դեմ։ Պետք է պայքարենք, որ մենաշնորհն ու գերիշխող դիրք ունեցողը չչարաշահեն իրենց լիազորությունը։ Մենաշնորհը կարող է չկարողանանք վերացնել կամ պետք չլինի վերացնել։ Մենաշնորհն ու գերիշխող դիրք ունեցողին պետք է չթողենք չարաշահի, սա է հիմնական խնդիրը»,- ընդգծեց Գեղամ Գևորգյանը։