Կարծում եմ 124 մլն դրամն արժե ուղղել Քաղաքացու օրվան. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ դա որևէ կապ չունի նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել, չլինելը, խնամի- բարեկամ- ծանոթ լինել, չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի վրա», - այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահը անդրադառնալով ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ նշվող Քաղաքացու օրվա համար նախատեսված 124 մլն դրամին, նշեց, որ արդարացված է այդքան գումարի ծախսումը։ «Հեղափոխությունից տարիներ առաջ էլ մենք խոսում էինք արժեքների հեղափոխության մասին։ Եվ հիմա քաղաքացու տոնը, որ արդեն սահմանվել է, կոչված է նաև որոշակի քաղաքացիական կրթության դերակատարում ունենալ։ Եվ սրան ուղղել 124 մլն, կարծում եմ արժե»։
Ազգային ժողովի նախագահի կարծիքով՝ տարիներ շարունակ Հայաստանում պետությունը և քաղաքացին անջատված են եղել։ «Մարդիկ հաշտվել էին, որ պետական կառավարման համակարգը իրենցը չէր, իրենց կողմից չէին ձևավորված և իրենց չէին հաշվետու։ Եվ հիմա, երբ մի պահ դա հաղթահարվեց, քաղաքացիները կանգնեցին ու ասացին՝ ոչ, սա մեր պետությունն է և այսուհետ այսպես պետք լինի»։
Ըստ ԱԺ նախագահի՝ սրա շարունակական լինելու համար է նաև ուղղված Քաղաքացու օրը։
Լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվեցին նաև Սահմանադրական դատարանի կայացրած այն որոշման մասին, որ 2018 թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված «ԱԺ Կանոնակարգ» օրենքը՝ փոփոխություններով և լրացումներով վիճարկվող դրույթներով համապատասխանում է Սահմանադրությանը։
«Սահմանադրականը կայացրել է իր վճիռը, ես, որպես քաղաքան գործիչ, կարող եմ ունենալ վերաբերմունք դրան, համարել՝ լավ կամ վատ, բայց, որպես ԱԺ նախագահ, Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը չեմ վիճարկի»։
Այսինքն ԱԺ նախագահը մնում է այն կարծիքին, որ ԱԺ Կանոնակարգ օրենքում տեղի է ունեցել հակասահմանադրական փոփոխությո՞ւն, ինչին Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես, իհարկե իմ հին կարծիքին եմ, բայց այս հարցում վերջնական պատասխան տալիս է Սահմանադրական դատարանը»։