Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արցախի պահպանողական կուսակցությունն ստացել է պետական գրանցում

Արցախի պահպանողական կուսակցությունն ստացել է պետական գրանցում, ֆեյսբուքյան էջում հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Թանկագի՛ն հայրենակիցներ Սիրելի՛ կուսակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր՝ ապրիլի 30-ին, մեր՝ Արցախի պահպանողական կուսակցությունն ստացել է պետական գրանցում:

Շնորհավորում եմ առաջին հերթին կուսակցության բոլոր անդամներին նշանակալի այս իրադարձության կապակցությամբ: Սա եւ՛ ոգեւորիչ է, եւ՛ հաճելի, եւ՛ պարտավորեցնող:

Մեր կուսակցությունը նպատակ ունի դառնալ Արցախի քաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից մեկը, եւ մենք դրան հասնելու ենք շնորհիվ կուսակցության մեջ ընդգրկված հարյուրավոր պարկեշտ, հայրենասեր, արհեստավարժ ու ազնիվ մարդկանց եւ նրանց նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքի:

Պահպանենք, զարգացնենք ու զորացնենք Արցախն ու Մայր Հայասդտանը»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ Արցախում 2020 թվականին անցկացվելու են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ Դավիթ Բաբայանը հայտարարել էր քաղաքական ուժ ստեղծելու մասին: