Օրացույց. Մեր Մայիսի 1-երը. «Տարոն ջան, գեղեցիկ չի» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1991-ի մայիսի 1-ը Հայաստանում աշխատանքային օր է։ Աշխատավորների միջազգային օրը որպես տոն չի նշվում։ Օրն աշխատանքային է նույնիսկ դատարկ խանութների աշխատողների համար։ Մարդիկ տոնական տրամադրություն չունեն։ Արցախից ծանր լուրեր են հասնում։
Հայաստանի խորհրդարանը իրիկնային ռեժիմով է քննարկում երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը։ Խորհրդային Օմոնի եւ ադրբեջանցի զինվորականների շրջափակման մեջ գտնվող Գետաշենից եւ Մարտունաշենից ընդունվում են նոր փախստականներ, որոնք հիմնականում ծերեր են, մայրեր եւ երեխաներ, տղամարդկանց ռուս զինվորները բաց չեն թողնում։
Այս օրերին ռմբակոծվում է նաեւ Հայաստանը։ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում ընդհանրապես որեւէ կանգուն տուն չի մնացել, սպանվել է 9 ոստիկան, ուղղաթիռներով գնդակոծվում են Գորիսի գյուղերը։ Խորհրդային զինվորականների աջակցությամբ ադրբեջանցիները պատանդի կարգավիճակով առեւանգել են մի քանի հայ ոստիկանի եւ տեղական մարմինների ղեկավարների։
2000 թվականի մայիսի 2-ին վերջապես հանգուցալուծվում է Ռոբերտ Քոչարյան եւ վարչապետ Արամ Սարգսյան վեճը։ Վարչապետը հեռացվում է իր պաշտոնից։ Նրա հետ միասին պաշտոնանկ է արվում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Վարչապետի պաշտոնանկությունը Ռոբերտ Քոչարյանը բացատրում է նրանով, որ Արամ Սարգսյանին չի հաջողվել ստեղծել թիմ, որը կաշխատի հանրապետության նախագահի հետ։
2002-ի մայիսի 1-ին կոմունիստներին կրկին հաջողվում է բազմահազարանոց երթ կազմակերպել Աշխատավորների միջազգային տոնի առիթով։ Այս անգամ սակայն կոմունիստները հայտարարում են, որ տոնելու բան չկա, նրանք դուրս են եկել բողոքելու գործազրկության դեմ։
2012-ի մայիսի 1-ին Սերժ Սարգսյանն այցելեց Մաշտոցի պուրակ, որտեղ տեղադրված առեւտրային կրպակների դեմ բողոքում էին հասարակական եւ բնապահպանական ակտիվիստներ։ Սերժ Սարգսյանը պուրակ մտավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որն բողոքի բոլոր օրերի ընթացքում պուրակ չէր այցելել։