Կենդանաբանական այգում բողոքի ակցիա է. պահանջում են տնօրենի հրաժարականը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի կենդանաբանական այգու ներսում 2019 թվականի տարեշրջանի բացմանը զուգահեռ այգու դիմաց բողոքի ակցիա է ընթանում: Ցուցարարները պահանջում են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։
Ցուցարարների թվում են նաև այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերներ, որոնք պնդում են, որ կենդանիների խնամքի, նրանց հանդեպ վերաբերմունքի և հսկողության հետ կապված խնդիրներ կան, և շատ հարցերում մասնագետների կարծիքները լսելի չեն այգու ղեկավարների կողմից։
Նշենք, որ վերջին շրջանում շատ են դարձել կենդանիների մահացության դեպքերը թե՛ հիվանդությունների հետևանքով, թե՛ անհասկանալի պայմաններում և թե՛ ոչ պատշաճ վերահսկողության։
Ակցիայի մասնակիցները նաև լուրջ կասկածներ ունեն, որ քաղաքապետարանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և այգու տնօրենը ինչ-ինչ մութ գործարքների մեջ են։
Ակցիայից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում Խաչատրյանն ասաց, որ այս ակցիաներն ուղղորդվում են ինչ-որ շահառու անձանց կողմից՝ ակնարկելով, որ այդ անձանց պետք է փնտրել տարբեր էկզոտարիումների ղեկավարների շրջանում, ինչպես նաև, որ ակցիայի մասնակիցների մի մասն անձինք են, ովքեր ինչ-ինչ պատճառներով հեռացվել են այգու աշխատակազմից։
Սակայն, ցուցարարները հերքեցին, թե ինչ-որ մեկի կողմից ուղղորդված է իրենց հավաքը։
Կենդանաբանական այգու տնօրենն ընդգծեց, որ տեղի ունեցող իրավական գործընթացները բազում հարցերի պատասխաններ կտան։
Հիշեցնենք, որ նախկինում ևս նրանք հանդես էին եկել ցույցերով, որի ընթացքում պահանջել էին դադարեցնել Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները, կառավարման խորհուրդ ստեղծել և անցկացնել տնօրենի ընտրություններ։
Ինչպես նաև ստեղծել հանձնաժողով, որտեղ ներկայացուցիչներ կլինեին թե՛ քաղաքապետարանից անդամներ, թե՛ կենդանաբանական այգուց և թե՛ ոլորտի մասնագետներ։
Ցուցարարները «Ռուբեն, հեռացի՛ր» կոչերով մտան այգու տարածք։
«Ա1+»-ը զրուցեց Ռուբեն Խաչատրյանի հետ։ Նա հերքեց բնապահպանության նախարարի, քաղաքապետարանի հետ որևէ մութ գործերով աղերսները։ Ինչպես նաև, անլուրջ համարեց ցուցարարների կողմից իր հրաժարականի պահանջը։ Անդրադառնալով իր դեմ հարուցված գործերին, նշեց, որ դրանցից մեկը՝ ընտրակաշառքի մասով, Հատուկ քննչական ծառայությունում կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։
Իսկ մյուս քրեական գործերի ավարտից հետո պատրաստվում է սուտ մատնության հոդվածով հայց ներկայացնել իր դեմ հաղորդում ներկայացրած անձանց դեմ (որոշ ցուցարարների - հեղ.)։
Այստեղ է նաև Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ երեկ իրեն զանգահարել են այգու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Խմբակցության ղեկավարն ասաց, որ այգու խորհուրդ կազմելու որոշումն ընդունված է ավագանու կողմից, և կազմավորման գործընթացը սկսված է։
Մանրիկյան ասաց, որ հանդիպել է թե՛ ցուցարարների, թե՛ այգու տնօրենի հետ։ Ցուցարարներն ավագանու անդամին հայտնել են իրենց կողմից բարձրացված մտահությունները։ Իսկ Ռուբեն Խաչատրյանը Մանրիկյանին ասել է, որ ցույցերն ուղղորդվում են ինչ-որ մասնավոր շրջանակների կողմից, իսկ մանրամասների մասին հետագայում քննարկում կլինի։
Իսկ թե ինչու տարեշրջանի բացմանը չէր մասնակցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարն ասաց, որ դա պետք է ճշտել կա՛մ Հայկ Մարությանից, կա՛մ մամլո խոսնակից։