Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մարդիկ աշխատում են և աղքատ են (տեսանյութ)

 «Մարդիկ աշխատում են և աղքատ են»,- այսպես շնորհավորեց Մայիսի մեկը՝ Աշխատանքի օրը, ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ծրագրերի համակարգող  Թադևոս Ավետիսյանը։

Գրասենյակը վերջերս զեկույց է ներկայացրել աշխատողների իրավունքների և Հայաստանում առկա խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես անդրադարձել է աշխատողների իրավունքներին, աշխատանքային ժամերին,  ծանր աշխատանք կատարողների վարձատրությանը, նվազագույն աշխատավարձի և այլ խնդիրների։

Բանախոսը փաստում է, որ Հայաստանը 2004 թվ-ից միջազգային պայմանավորվածություններ ունի, որոնք լիարժեք չի կատարում։

«Առարկայական որևէ ծրագիր չեմ տեսնում»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։

Նա հիշեց, որ մեկ տարի առաջ Ազգային Ժողով է ներկայացվել աշխատողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենքի նախագիծը։ Այն համապատասխանում էր միջազգային չափանիշներին և քննարկվել է,սակայն  օրենքի նախագծի ճակատագիրը առկախ է մնում։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝  աշխատատեղերի 50 հազարով ավելացման մասին, Թադևոսյանը նկատեց, որ այդ տվյալները վերանայման և ուսումնասիրման կարիք ունեն։ Ըստ բանախոսի,  գործազուրկների թիվը պակասել է ընդամենը 4500-ով՝ 1,9%-ով, ինչը հուսադրող ցուցանիշ չէ.

«Նվազագույն աշխատավարձն էլ ավելացել է ընդամենը 2%-ով, բայց պետք է ունենայինք առնվազն 15%-ով բարձրացում։ Ստվերի կրճատումը չի լուծում գործազրկությունը։»։

Անդրադառնալով  հարկային օրենսգրքում հարկման փոփոխությանը՝ Թադևոսյանն ընդգծեց, որ այն բարեփոխում է հարուստների համար և նման մեխանիզմները կիրառվում են լիբերալ հասարակություններում։

«Մենք գնում ենք մի ճանապարհով, որը  չի բխում օբյեկտիվ իրականությունից։ Շատ քիչ երկրներ կան, որ այսօր կիրառում են համահարթ եկամտահարկ և սա ավելի  կխորացնի խնդիրները»։