ԱԱԾ-ից պահանջել են հերքում՝ Ֆեյսբուքյան գրառման համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանն անհասկանալի է համարում այն, որ իր անձնական Ֆեյսբուքյան էջում գրառման համար Ազգային անվտանգության ծառայությունից նամակ է ստացել ոչ թե որպես ՀՀ քաղաքացի, այլ կուսակցության անդամ։
Բայց չէ՞ որ նա ֆեյսբուքում գրառումը կատարել է ոչ որպես կուսակցության անդամ: Չնայած եւ նրա համար անսպասելի է եղել ԱԱԾ արձագանքը ֆեյսբուքյան գրառմանը։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանից Գարեգին Միսկարյանը օրեր առաջ նամակ է ստացել, որում Միսկարյանից պահանջել են, որ նա իր ֆեյսբուքյան էջում հերքում հրապարակի ` կապված գրառման հետ:
Գարեգին Միսկարյանը , հետեւելով մամուլի հրապարակումներին, պարզապես իր եզրակացությունը գրառում էր դարձրել սոցիալական հարթակում. «Էն որ Վանեցյանի ընտանիքը ծաղիկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»։
«Դա քաղաքացի Արթուր Վանեցյանի կողմից կարող էր լինել առաջարկ՝ուղղված քաղաքացի Գարեգին Միսկարյանին, ոչ թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցչի կողմից «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին: Ես գրառման մեջ ոչ մի տեղ չեմ նշել որ դա կուսակցության դիրքորոշումն է, կամ կուսակցությունը ինձ լիազորել է նման հայտարարություն տարածել: Ֆեյսբուքյան էջն իմ անձնական էջն է և ես անձնական կարծիք ու վերլուծություններն եմ գրում: Դա կապել կուսակցության հետ առնվազն ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում իրավական մակարդակում աշխատելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց Գարեգին Միսկարյանը:
Գարեգին Միսկարյանը տեղի ունեցածում թե՛ դրական, թե՛ բացասական երևույթներ է նկատում:
«Դրականն այն է, որ նախկինի նման ուժայինները չեն փորձում իրենց հարաբերությունները լուծել օրենքից դուրս և փորձում են տանել իրավական ճանապարհով: Իսկ բացասականն այն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան չարաշահում է իր դիրքը և օգտագործում է իր լծակները քաղաքացիաիրավական հարաբերություններում հարց լուծելու համար»,- հավելեց Գարեգին Միսկարյանը:
ԱԱԾ նամակից հետո՝ նա ֆեյսբուքյան համապատասխան գրառմամբ հերքել է տեղեկությունը:
«Ես Գարեգին Միսկարյանս, չնայած, որ չեմ հանդիսանում լրատվական գործունեություն իրականցնող, այնուամենայնիվ, ընդունում եմ պարոն Ենգիբարյանի առաջարկը, և որպես բարի կամքի դրսևորում, հերքում եմ, որ պարոն Վանցյանի վերաբերյալ մամուլում և հանրության մեջ շրջանառվող ու գրառման մեջ տեղ գտած լուրերին հավատում եմ, քանի որ, ինչպես նշել է պարոն Վանեցյանի ներկայացուցիչ պարոն Ենգիբարյանը, դրանք չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա:
Ի դեպ, Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանի նամակում նաև գրված էր, որ եթե տեղեկությունը չհերքվի, ապա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու են իրավունքի պաշտպանության այլ միջոցների: