A
A
«Շերեմետևոյում» օդանավ է հրդեհվել. նախնական տվյալներով՝ կա 13 զոհ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայի խոշորագույն «Շերեմետևո» օդանավակայանում հրդեհ է բռնկվել «Աերոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100-95 ուղևորատար ինքնաթիռում, որը իրականացնում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը:
Օդանավում գտնվել է 78 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները: Սկզբում հաղորդվում էր 1 զոհի և 4 վիրավորի մասին, սակայն ավելի ուշ ТАСС գործակալությունը, հղում անելով բժիշկներին, հաղորդել է 13 զոհի մասին: Ավելի ուշ Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատեց 13 զոհի մասին տեղեկությունը՝ հայտնելով նաև, որ նրանց թվում կա երկու երեխա:
Sukhoi Superjet 100-95-ը «Շերեմետևո»-ից թռել էր տեղական ժամանակով 18:00-ին, մի քանի պտույտ է կատարել օդում, այնուհետև 18:40-ին արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո»-ում: Վայրէջքի պահին ինքնաթիռի շարժիչները սկսել են այրվել և մեծ հրդեհ է բռնկվել: Այս պահի դրությամբ հրդեհը հաջողվել է մարել: Կրակն ամբողջությամբ այրել է օդանավի կեսը:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է տեղեկությունն այն մասին՝ արդյոք Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ:
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից: