Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անչափահասի նկատմամբ բռնության 33 դեպք այս տարվա 4 ամիսներին (տեսանյութ)

Քաղաքականություն
Nelly Duryan

Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են 16-ով։ Նախորդ տարվա վերջին երեք ամիսների ընթացքում եղել է 49, այս տարի՝ 33,- այս մասին ասել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

Բռնությունների վիճակագրության մեջ, վարչության պետի փոխանցմամբ,  ֆիզիկական դեպք եղել է 10 (12 դեպքով նվազում), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները նախորդ տարի 19, այս տարի՝ 14, ընտանիքում անչափահասի նկատմամբ բռնության դեպք եղել է ծեծը (նախորդ տարի – 2, այս տարի - 1)։

Այս համեմատությունները կատարվել են անցյալ տարվա վերջին 3 ամիսների և այս տարվա 4 ամիսների միջև։

«Իմ մարմինն իմ անձնականն է» աղմկահարույց գրքի անհրաժեշտության վերաբերյալ Նելլի Դուրյանը գնահատական չհնչեցրեց, քանի որ գրքին ծանոթ չէր։ «Այդպիսի գիրքը նախ պետք է ուսումնասիրել և հասկանալ՝ դա ինչքանով է անհրաժեշտ կամ անհրաժեշտ չէ։ Թե այն կարող է վնաս տալ կամ չտալ»,- ընդգծեց նա։

Նա թմրամոլության վերաբերյալ տպագրված գրքի օրինակ նշեց, որը պետք է դասավանդվեր դպրոցներում։ Գրքում նկարագրված են եղել թմրանյութերի տեսակները, օգտագործման ձևերը։ «Ուսումնասիրվեց և ակնհայտ դարձավ, որ դա կարող է ունենալ հակառակ էֆեկտ, այսինքն՝ ազդեցությունը կարող է ավելի վատը լինել»,- ասաց ոստիկանության գնդապետը։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում բանավեճ էր սկսվել գրքի վերաբերյալ, մի կողմի համակիրները սրճարան էին մտել եւ ձվեր նետել միջոցառման մասնակիցների ուղղությամբ՝ նրանց մեղադրելով այլասերվածության քարոզի մեջ:

Իսկ այսօր իր մամլո ասուլիսի ընթացքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել էր, որ գիրքը պարտադիր ընթերցման համար չէ, և նրանում այլասերվածության նշույլ անգամ չկա, իսկ միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ պաշտպանել է ոչ թե գիրքը, այլ՝ Հայաստանում ՀԿ-ի գործունեության իրավունքը։