Հայտնի է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվողների գործով դատավորը
Աջակցիր «Ա1+»-ինՀայտնի է,թե ում է մակագրվել Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործը ։
Այս մասին իր ՖԲ էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը. ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ գլխի պահանջներին և «Դատավորների միջև գործերի բաշխման‚ վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային ծրագրի շահագործման կարգը սահմանելու մասին» 2018թ. Օգոստոսի 2-ի թիվ ԲԴԽ -30-Ո-71 որոշման համապատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը համակարգչային եղանակով պատահական բաշխման սկզբունքով մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին»։
Ավելի վաղ Խաչատրյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հաստատել էր, որ դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Սակայն հայտնի չէ, թե ինքնաբացարկի պատճառները որոնք են եղել։ Իսկ դրա վերաբերյալ, մամուլի խոսնակի փոխանցմամբ, համապատասխան հայտարարությունը հրապարակվի հետագայում։
Հատկանշական է, որ Վարդան Գրիգորյանը 2006-07թվականներին աշխատել է Հայաստանի իրավաբանների միությունում, իսկ 2007-14 թթ.՝ որպես հանրային պաշտպան: Այդ ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է եղել Ռուբեն Սահակյանը, որն այժմ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ է:
