«Դա կասկած չէ, դա նախանձ է». Գագիկ Ծառուկյան
«Հայը մի անգամ ոսկե ձկնիկ է բռնում, ու երբ ձկնիկն ասում է, որ իրեն ամեն ինչ կտա, պայմանով, որ դրա կրկնակին հարևանին պետք է տա, չի համաձայնում, ասելով, որ ավելի լավ է մի աչքը հանի»: Այս առակն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատմեց ԲՀԿ խմբակցության Գագիկ Ծառուկյանը՝ վստահեցնելով, որ իր դեմ խոսողներն այսօր նման վիճակում են հայտնվել: Անդրադառնալով պատգամավորների կասկածին, որ Ծառուկյանը քաղաքականությունը ծառայեցնում է բիզնեսին, պատգամավորը հավատացրեց.
« Դա կասկած չէ, դա նախանձ է: Ես իմ մանդատը վայր կդնեմ այն ժամանակ, երբ իմ ժողովուրդն ապրի բարեկեցիկ, անհոգ կյանքով», -ասաց նա՝ընդգծելով, որ այսօր իր մանդատից առավել կարևոր հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն և լուծում ստանան: Ծառուկյանի համոզմամբ, ներդրողների մոտ վստահություն պետք է ստեղծել, իսկ նման թեմաները, ներդրողների մոտ բացասական մթնոլորտ ստեղծելու առիթ կդառնան:
Ծառուկյանը, վստահեցրեց, որ ինքը չի հավատում, որ այսօր իշխանությունը կարող է իր դեմ ինչ-որ բան անել:
Իսկ վերջում դիմելով լրագրողներին, ասաց,
«Նման հարցեր տալու փոխարեն, լավ կլիներ հարցնեիք՝ Աբովյանում ինչ նոր շենքեր են կառուցվում, ում համար, և ինչ հնարավորություն են ստեղծելու ներգաղթողների համար»: