Բացել լրահոսը Փակել լրահոսը
Stalin Truman Churchill
A A
Քաղաքականություն

Արշավը դեպի Ստամբուլ  չեղարկվում է . Իգոր Ատամանենկո

Իգոր Ատամանենկո (ռուս գրող, հրապարակախոս ՊԵԿ թոշակառու փոխգնդապետ

  (թարգմանությունը հրապարակվում է որոշ կրճատումներով)

 

«Հերոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները, գուցե, խանգարեցին դեպի Թուրքիա խորհրդային ներխուժմանը»

Պատճառները, որոնք դրդեցին Միացյալ Նահանգներին ատոմային ռմբակոծության ենթարկել Հերոսիման և Նագասակին, ժամանակակից գիտնականները տարբեր կերպ են բացատրում։ Ամենատարածված տեսակետն այն է, որ ԱՄՆ նախագահը Խորհրդային Միությանը վախեցնելու և Եվրոպայի հետպատերազմական վերակառուցման բանակցությունների հարցում զիջողական դարձնելու նպատակով ցուցադրել է ամերիկյան միջուկային ուժը։

 

Մեկ միլիոն զինվոր հայկական սահմանին

1921 թ. կնքված խորհրդային-իրանական պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն ԽՍՀՄ ղեկավարությունն Իրան զորք մտցնելու իրավունքն ուներ, եթե ինչ-որ երրորդ տերություն փորձ կաներ Իրանի տարածքը Խորհրդային պետության դեմ ռազմական գործողություններ կատարելու ռազմակայան դարձնել։ Երբ Կարմիր բանակի գլխավոր հետախուզության վարչության գլխավոր շտաբը տեղեկություն ստացավ Հայաստանի սահմանին մոտ մեկ միլիոն թուրք զինվորի կուտակման մասին, խորհրդային գերագույն ղեկավարությունն օգտվեց դրանից։ 1941 թվականի օգոստոսին Իրանի տարածք մտցրեցին սկզբում 12, այնուհետև ևս 5 խորհրդային զորամիավորում։

 

Տալի՛ս  ես Կոստանդնուպոլիսը  (Даешь Царьград!)

Բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցության նախագահության նիստին քննարկվել է ԽՍՀՄ տարածք վերադարձնել Թորքիայի կողմից 1917-18 թթ. բռնակցված բնիկ հայկական հողերը. Թուրքիայի ամբողջ հյուսիս-արևելյան մասը՝ Կարսից մինչև Էրզրում և առաջ դեպի արևմուտք։ Թվում էր, թե այս ծրագիրը հեշտ իրականանալի էր հարվածող բռունցքի՝ Թավրիզի շրջանում տեղակայված քսան զորամիավորման շնորհիվ, ինչպես նաև գործողության քաղաքական բացատրությունը կար։ Ազատագրվելիք հողերը 95 տոկոսով բնակեցված էին հայերի նկատմամբ ընկերական տրամադրություններ ունեցողներով, և մինչ 1917 թ. Ռուսական կայսրության կազմի մեջ էին, որոնք վերջինիս էին անցել Ռուսաստանի և Իրանի միջև կնքված 1828 թ. փետրվարի 2-ի Թուրքմենչայի պայմանագրով։ 


1945 թ. փետրվարի 2-9-ը  Յալթայում կայացած Ղրիմյան համաժողովից հետո Ստալինն Անաստաս Միկոյանին և Գեորգիյ Մալենկովին հանձնարարել էր նախապատրաստել հետպատերազմական Թուրքիայի վերակազմավորման հետ կապված առաջարկությունները։

Եվ այդպիսի ծրագիր կազմվել էր։ ՀԽՍՀ քաղաքացիներից, կոմունիստներից առանձնացվել էին կուսակցության շրջկոմների և քաղկոմների ղեկավար կադրեր, որոնք Կարմիր բանակի կողմից ազատագրված թուրքական քաղաքներում պետք է առաջին փուլում կազմեին ղեկավար իշխանության ոսկորը։ Հատուկ կարևորություն էր տրվում Ստամբուլի գրավմանը. Կոստանդնուպոլիս անվան վերադարձին, Բոսֆորի և Դարդանելի նեղուցների միջոցով ցամաքային ուղու բացմանը։

Ցավոք, խորհրդային ղեկավարության ծրագրին իրականանալու բախտ չվիճակվեց։

 

Պոտսդամյան զվարճախոսները (Потсдамские шутники)

 

 1945 թ. հուլիսի 21, Պոտսդամյան համաժողովի 6-րդ օր։ Թրումանը ԱՄՆ-ից հանելուկային տեքստով հեռագիր ստացավ՝ «Ծննդաբերությունը հաջող է ընթացել»։ Դա նշանակում էր, որ Ալամոգարդո օդակայանի մոտակայքում իրականացվել է ատոմային ռումբի փորձարկում։ 
ԱՄՆ նախագահը չէր համբերում Ստալինին հասկացնել, որ հաղթաթուղթն իր ձեռքում է։ Թրումանը որոշեց դա ակնարկով անել՝ չմանրամասնելով։ Չըրչիլը նրան խորհուրդ տվեց դրա մասին տեղեկությունը հայտնել գրոտեսկյան ձևով կամ փոխանցել որևէ անեկդոտի միջոցով. «Հումորն այն թաղանթն է, որը քաղցրացնում է ցանկացած դեղ»։
Հերթական նիստի վերջում նախագահն ու վարչապետը, լայն ժպտալով, մոտեցան խորհրդային առաջնորդին։

-Գիտեք, պարո՛ն գեներալիսիմուս,- սկսեց Չերչիլը, ում տրվել էր ձայնակցորդի դերը,- այս գիշեր երազ տեսա, որ դարձել եմ աշխարհի տիրակալը։

-Իսկ ես, պարո՛ն Ստալին,- թեման շարունակեց Թրումանը,- Երազում դարձել էի Տիեզերքի տիրակալը։

Ստալինը, չշտապելով պատասխանել, ոտքից գլուխ ուշադիր նայելով զրուցակիցներին, մի քանի անգամ քաշելով իր անփոխարինելի ծխամորճը, ասաց. «Ախ այդպե՞ս։ Իսկ ես այս գիշեր երազում տեսել էի, որ ձեզ չեմ նշանակել տվյալ պաշտոններում»։

Թրումանը հասկացավ, որ հումորի հետ կապված մտադրությունը ձախողվել է. և ինչպես շուտասելուկը, իմիջայլոց, հաղորդեց, որ Միացյալ Նահանգներն անսովոր կործանարար ուժի նոր զենք են ստեղծել։

Խոսակցության մասնակիցները՝ Չըրչիլը, ԱՄՆ պետքարտուղար Բըրնսը և ամերիկյան նախագահը սևեռուն հետևում էին Ստալինի արձագանքին։ Վերջինս ուսերը ետ քաշեց և հանգիստ գնաց իր կեցավայրը։ 
Չստացված ներկայացման կազմակերպիչները եզրակացրին, որ Ստալինն ուղղակի չի հասկացել ասվածի իմաստը։ Իրականում, մեր կողմի ականատեսների վկայությամբ, Թրումանի հետ զրույցից անմիջապես հետո Կուրչատովին հրաման էր տրվել. «Անմիջապես արագացրե՛ք մեր աշխատանքը»։

Ճապոնիայի դեմ ատոմային ռումբի կիրառման որոշումը Թրումանն ընդունել էր միայն մի քանի օր անց. այն բանից հետո, երբ ամերիկյան ռազմական հետախուզության ղեկավարը նրան զեկուցել էր, որ Թավրիզի շրջանում նկատվել է այնտեղ կենտրոնացած Կարմիր բանակի ակտիվություն՝ նրանք շարժվում են դեպի Թուրքիայի հետ սահմանը։
Նա նաև զեկուցել էր, որ հյուսիս-արևելյան Թուրքիայի քաղաքներում արդյունաբերական օբյեկտների, տրանսպորտի և կապի ձեռնարկությունների ուղղությամբ հայ ապստամբների դիվերսիոն գործողություններն են ուժեղացել։

Դժվար էր չկապել նաև այդ փաստն աչքի ընկնող մեկ այլ հանգամանքի հետ. Ստալինի համառ ձգտումը բանակցությունների ընթացքում ստանալ իտալական նավատորմի մի մասը՝ որպես փոխհատուցում խորհրդայիններին, հենց մինչեւ 1945 թ․ օգոստոսի 1-ը։ Եթե դա տեղի ունենար, հայտնվելով Դարդանելի ծոցում՝ խորհրդային անձնակազմով ռազմանավերը կկարողանային ամուր աջակցություն ցուցաբերել Թուրքիա մտնող Կարմիր բանակին։

Ռազմական հետախուզության ղեկավարի զեկույցը լսելով՝ Թրումանը ցուցում տվեց զինվորական հրամանատարությանը սեղմ ժամկետներում իրականացնել Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունը։ Սակայն դա անել ոչ շուտ, քան Պոտսդամից հեռանալը, որպեսզի տուն վերադարձի ճանապարհի ընթացքում ընկնի առաջին ռումբը։ 
Առաջին ռումբը Հերոսիմայի վրա ընկավ օգոստոսի 6-ին։ 

Երբ Ստալինի զեկուցեցին Հերոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության հետևանքների, այնտեղի ավերածությունների և զոհերի մասին, նա ծխամորճը դրեց սեղանին և նայեց նախագահության լռած անդամներին. «Արշավը դեպի Ստամբուլ չեղարկվում է... Մինչ ավելի լավ տարիները։ Իսկ թուրքերը թող միշտ շնորհակալություն հայտնեն ճապոնացիներին, որոնք հանուն վերջինների զոհեցին իրենց։ Վե՛րջ։ Կուրչատո՛վն ինձ մոտ» ...