Կոնսերվատորիայի նոր ռեկտոր ընտրվեց Սոնա Հովհաննիսյանը (տեսանյութ)
Այս պահին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունենում ռեկտորի ընտրություններ: Ընտրությունը կատարվում է դռնփակ։
Այս պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրել ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը և նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը:
Վերջինիս խոսքով՝ թեև մի քանի ամիս առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն այսօր հնարավորություն է ընձեռնվել ազատ, անկախ ընտրություններ անցկացնելու, և ինքը ցանկացել է իր թեկնածությունը առաջադրել:
« Հաղթանակ բառը չեմ կարող հասկանալ, անկախ ընտրությունների արդյունքներից ես պատրաստ եմ առաջարկել իմ համագործակցությունը՝ ինչ կարգավիճակում էլ լինեմ,- ասաց նա։
Մինչ ներսում ընթանում է ռեկտորի ընտրությունները, դրսում ուսանողները ակցիա են անում՝ սատարելով ռեկտորի պաշտենակատար Սոնա Հովհաննիսյանին:
.« Ես չգիտեմ աջակցություն ունի Սոնա Հովհաննիսյանը, թե չէ, և երեխաները ինչի համար են հավաքվել, որևիցե գնահատական չեմ կարող տալ»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը ։
Իսկ Սոնա Հովհանիսյանը հարցին, թե աջակցություն ունի, թե ոչ՝ պատասխանեց. «Դուրս նայեք և կհամոզվեք. կարող եք հարցում անել»:
Ընտրությունների արդյունքներն ամփոփվեցին ե ւ ռեկտոր ընտրվեց Սոնա Հովհաննիսյանը։ Նա ստացել է 15, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ 8 ձայն։