Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱվան-Նոր Նորք վարչական շրջանների դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստն այսօր հետաձգվեց՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։ Դատավարությունը կշարունակվի վաղը՝ ժամը 13.30-ին։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը առավոտյան հայտարարեց, որ մերժում է ինքնաբացարկ հայտնելու պաշտպանական կողմի միջնորդությունը, լսեց երկու կողմերին էլ։ Որոշ հարցերի դեպքում հայտարարություն արեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս, օրինակ, նկատեց, որ Մարտի 1-ի գործով Ազգային անվտանգության ծառայությունից ընդամենը մեկ հոգի է հարցաքննվել։ Մեղադրող կողմը պնդում էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ՝ ռիսկեր տեսնելով, որ նրա ազատության մեջ գտնվելով չի ազդի նախաքննական գործընթացի վրա։ Պաշտպանական կողմը հակադարձում էր՝ համարելով, որ ազատության մեջ գտնվելով նա չի խոչնդոտի եւ ներկայացրեց անգամ Արցախի գործող եւ նախկին՝ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի երաշխավոր լինելու պատրաստակամությունը։
Պաշտպանական կողմը նաեւ շարունակում էր պնդել, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէ այն դրվագների համար, որոնք նշվում են մեղադրանքի մեջ։
Ցույցի ղեկավարները, ըստ պաշտպան Հայկ Ալումյանի, հավաքվածներին կոչ են արել զինվել փայտերով, մետաղյա ձողերով և այլն, հետո լուրեր են տարածել, թե Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ բռնություն է գործադրվել և կան զոհեր, իսկ ոմն Լաուրա Մելքոնյան աղբամանից երեխայի կոշիկ է հանել և այդ ֆոնին հայտարարել, որ դա սպանված երեխայի կոշիկ է։ «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ զգացմունքների վրա են խաղացել, ինչ վատ ձևով»,- շեշտեց Ալումյանը։ Սակայն նա չնշեց, որ լուրը հերքվել էր հենց հայտարարությունից րոպեներ անց։
Պաշտպանական կողմը հայտարարեց, որ իրավապահ ուժերը անհամաչափ ուժ չեն գործադրել։ «Եթե ոստիկանները զրահաբաճկոն հագած չլինեին՝ 20-25 ոստիկան զոհված կլինեին բեկորներից»,- իր հերթին ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ պաշտպան Հայկ Ալումյանի՝ մարտի 1-ին Քոչարյանը, գիտակցելով ստեղծված իրավիճակը և խորհրդակցելով վարչապետի հետ, ստորագրել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրաման։
Երևանում գտնվող կարևորագույն պետական օբյեկտների մոտակայքում՝ կառավարության շենքի մոտ, դեպի նախագահական նստավայր տանող Լեո-Պարոնյան փողոցներում տեղակայվել են զորքեր՝ դրանք ցուցարարներից պաշտպանելու համար։
Փաստաբանն ասաց, որ բանակը չի ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ։
Ի դեպ, պաշտպանական կողմը այսօր միջնորդել էր դատարան հրավիրելու Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին և մի քանի դատավորների։
Ըստ Հայկ Ալումյանի՝ մեղադրանքում նշված է, որ ՍԴ-ի վրա ճնշում է գործադրվել, բայց հարցաքննված ՍԴ երկու դատավորներն էլ հերքել են ճնշման հանգամանքը։Միջնորդությունը, սակայն, մերժվեց։ Հիշեցնենք, որ 2008թ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել էր ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքները։
Չնայած նիստը դռնբաց է, այնուամենայնիվ, լրագրողները դժվարությամբ են լսում՝ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանները.ձայնը վատ որակի է։
Այսօր առավոտից, հիշեցնենք, որ ակցիա էր դատարանի բակում։ Մի կողմում Քոչարյանի կողմնակիցներն էին, մյուս կողմում ՝ նրա դեմ բողոքողները։