Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը կգան դատարան, բայց դեռ հայտնի չէ՝ երբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը կգան դատարան, բայց դեռ հայտնի չէ երբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ այսօր, երբ դատարանում երաշխավորագիրը ներկայացվեց, նախագահողը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ երաշխավորագիր ներկայացրած անձինք դատարանում պետք է վերահաստատեն այն, ուստի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատարանից ժամանակ խնդրեց՝ պարզելու համար, թե երբ է հնարավոր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը կազմակերպել:
Հայկ Ալումյանն ընդգծեց, որ իրենք շահագրգռված են իմանալ, թե ովքեր են մարտի 1-ի սպանությունների մեղավորները:
«Մենք քչերից ենք, որ պնդում ենք՝ զոհվածների մահանալու հանգամանքները պետք է քննվեն։ Ոչ ոք իրավունք չունի ասել, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտվել է»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է պետության կողմից անհամաչափ ուժ գործադրելուն, ապա Հայկ Ալումյանը նկատեց. «Ոնց կարելի ասել է, որ պետությունը կիրառել է անհամաչափ ուժ այն դեպքում, երբ 187 ոստիկան մարմնական վնասվածք է ստացել և 32 քաղաքացի»
։ Լրագրողի դիտարկմանը, թե մինչև հիմա չկա որևէ քրեական գործ հարուցված, որում կհիմնավորվի, որ ցուցարները նռնակ կամ զենք- զինամթերք են կիրառել, Հայկ Ալումյանն ասաց. «Այդպես չէ, դատավճիռները կարդացեք տեսեք»։
Հայկ Ալումյանը խոստացավ, որ լրագրողներին կներկայացնի դրանք։