Քոչարյանը իրավունք ուներ բանակը փողոց հանել օրենքով և սահմանադրությամբ. Ալումյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումը կշարունակվի վաղը՝ մայիսի 16-ին՝ ժամը 11:00֊ին:
Այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ միայն պաշտպան Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանն, ինչպես նաև խմբի մյուս անդամները, միջնորդությամբ հանդես կգան վաղը:
Վաղը նաև պարզ կլինի, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:
Դատական նիստի վերջում լրագրողների հարցերին պատասխանել է փաստաբան Հայկ Ալումյանը։
Նա անդրադարձել է դատարանում արված իր հայտարարությանը, թե բանակը միայն սահման պահելու համար չէ: Ըստ պաշտպանի՝ բանակը նաև անվտանգությունը հսկելու համար է:
«Սահմանադրությամբ ներքին իրավիճակներում բանակը թույլատրվում է ներգրավվել»,- ընդգծել է պաշտպանը՝ հավելելով.
«Եթե զինված ուժերը որևէ իրավիճակում որևիցե գործողություն են ձեռնարկել, ապա դա չի նշանակում, որ իրենք խառնվել են քաղաքականությանը, նույն ձևով, ինչ-որ ոստիկանությունը»: