Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ «Իմ քայլը» չի տորպեդահարի իրենց առաջարկը (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 22-ին արտահերթ նիստ չգումարվեց, քանի որ անհրաժեշտ էր մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության համաձայնությունը:
Ըստ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ խորհրդի նիստը պետք է կայանա այսօր, ժամը 16-ին եւ նոր որոշում կկայացվի։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ «Իմ քայլը» չի տորպեդահարի արտահերթ նիստի անցկացնելու իրենց խմբակցության և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրակարգը։
«Հարցերը պետք է քննարկվեն խորհրդարանում, ոչ թե փողոցներում, դատարանների դռների տակ»,- ընդգծեց պատգամավորը։
ԲՀԿ-ն ավելի վաղ հայտարարելէ, որ մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված կոչը քաղաքացիներին, որ նրանք փակեն հանրապետության բոլոր դատարանների դռները, սահմանադրության հետ կապված խնդիրներ կան։
«Ակնհայտ է, որ տեղի է ունեցել Սահմանադրության կոպիտ խախտում։ Իշխանության մի թևի կողմից իշխանության մեկ այլ՝ անկախ թևի վրա գրոհ կազմակերպելու հրահանգ»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը։
«Հանուն անկախ դատարանների» ակցիայից ժամեր անց, հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Մարտի 1-ից անջատված մասը կասեցրել և ուղարկել է Սահմանադրական դատարան։ Թեմայի առնչությամբ ԲՀԿ-ական պատգամավորը իրավական գնահատական դժվարացավ տալ, բայց նշեց, որ իր համար այստեղ մութ հարցեր կան։
Անդրադառնալով մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի կողմից Կառավարությունում արված հայտնի հայտարարությանը, որտեղ վարչապետն ասաց, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ պետք է Ազգային ժողովում ստեղծվի քննիչ հանձնաժողով, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է այդ առաջարկին։
«Մենք պիտի պարզենք՝ ինչո՞ւ եղավ ապրիլյան պատերազմը, ինչու մեր զինվորները ունեին զենքի, փամփուշտի խնդիր։ Ինչո՞ւ զրահատեխնիկայի մեջ դիզվառելիք չկար, մենք պիտի հասկանանք ովքեր են դրանց պատասխանատուները»,-ասաց նա։
Պատգամավորը նաև հավելեց, որ առանձին չի կարող ստեղծվել ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով, որովհետև համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե խնդիրը վերաբերում է անվտանգությանը, պաշտպանությանը, ապա քննիչ հանձնաժողով կարող է դառնալ Պաշտպանության, արտաքին հարցերի և ներքին գործերի հանձնաժողովը։ Մանրամասները՝ տեսանյութում։