Աննա Հակոբյանը ամփոփեց ԱՄՆ կատարած այցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի տիկին Աննա Հակոբյանը ասուլիս էր հրավիրել ամփոփելու ապրիլի սկզբին իր և «Իմ քայլը» ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամների տնօրենների Միացյալ Նահանգներ կատարած այցը:
Խոսեցին, որ այցի ընթացքում եղել են տարբեր հանդիպումներ Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում: Հանդիպումներ եղել են ԱՄՆ կոնգրեսի գրադարանում, որտեղ, մասնավորապես խոսվել է «կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին: Տեղի են ունեցել նաև մի շարք համայնքային հանդիպումներ:
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ամփոփելով հանդիպումը՝ շեշտեց, որ քննարկվել են տարբեր համագործակցության եզրեր, և որպես արդյունք հավաքագրվել է մոտ 1 միլիոն 60 հազար դոլար գումար , որից 500 հազար դոլարը կհատկացվի, եթե ծրագրերը հավուր պատշաճի իրականացվեն կես տարում:
«Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ ներկայացրեց, որ ընդհանուր առմամբ հավաքագրվել է 600 հազար դոլար: «Հիմնական դրամահավաք արվեց գալա ընթրիքների միջոցով, որտեղ ներկայացվեց հիմնադրամի գործունեությունը: Պատմեցինք, որպեսզի մեր հայրենակիցները իմանան նաև հիմնադրամի մասին՝ ինչ ենք անում, և ինչ նախագծեր ու պլաններ ունենք հետագայում»,- ասաց Էսթեր Դեմիրճյանը:
Հանդիպումների ընթացքում տարբեր կազմակերպությունների հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Հիմնադրամները պետք է ներկայացնեն տարբեր ծրագրեր, որոնք հավանության դեպքում կֆինանսավորվեն: