Հանրապետության տոնը՝ Ազատության հրապարակում. սպորտային խաղեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզատության հրապարակում՝ Առաջին Հանրապետության օրվա առիթով Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպել էր տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ: Ըմբշամարտ, բռնցքամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, բազկամարտ, ակրոբատիկա և այլ մարզաձևեր։ Սա մարզիկների համար հնարավորություն էր՝ ցուցադրել ոչ միայն իրենց կարողությունները, այլև անցորդներին ծառայել որպես օրինակ՝ սպորտին մեծ ուշադրություն դարձնելու համար։
Միջոցառմանը ներկա էր նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Տարիներ շարունակ կազմակերպվող այս միջոցառումն ըստ նախարարի առաջին տեղակալի, առիթ է հանդիսացել, որպեսզի քաղաքացիները մեծ հետաքրքրությամբ մոտից ծանոթանան մարզաձևերին։
Վոլեյբոլի սիրահար Ինգան և ընկերները Ազատության հրապարակ էին եկել, որպեսզի անցորդներին ներկայացնեն խաղն ու դրա նկատմամբ հետաքրքրություն առաջացնեն։ Աղջիկներն իրոք, լավ էին խաղում, այնքան լավ, որ մեր նկարահանող խմբի մոտ անգամ ցանկություն առաջացավ մասնակցել դրան։
«Շատ կցանկանամ, որ վոլեյբոլի Հայաստանի հավաքականը շատ հաջողություններ գրանցի։ Մի քանի ամիս առաջ մինչև 15 տարեկան աղջիկների հավաքականը գնացել էր Վրաստան և զբաղեցրել 3-րդ տեղը։ Վստահ եմ, որ այս տարի առաջին տեղը կգրավենք»,- ասաց Ինգան։
Իսկ 9-ամյա Ալբերտը թենիս խաղալով՝ շատերի ուշադրությունն էր գրավել։ Չորս տարի է, ինչ զբաղվում է թենիսով։ Թեև ծնողների առաջարկով է թենիսն ընտրել, բայց ինքն էլ դեմ չի եղել դրան։
Մանրամասն՝ տեսանյութում։