Պարոն Գորգիսյանը չի հասկանում օրենքի լրջությունը. «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Գնումների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը օրակարգ մտցնելու քննարկումները բուռն անցան: Խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը առաջարկում է վերոնշյալ օրենքի 15-րդ հոդվածի 2-դ մասից հանել «հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» բառերը, որով հատուկ պետական պաշտպանության անձանց՝ այն է` Աժ նախագահ, ՀՀ նախագահ, և ՀՀ վարչապետ, նրանց արարողակարգային ծախսերը կդառնան այսուհետ թափանցիկ: Ըստ պատգամավորի՝ 2017թ.-ից սկսած այդ տեղեկատվությունը դարձել է գաղտնի:
Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը առաջարկեց գործընկերներին կողմ չքվեարկել և օրակարգում չներառել հարցը ու հավելեց.
«Չգիտեմ ոնց, բայց պարոն Գորգիսյանը չի հասկանում օրենքի լրջությունը, կամ իրեն չեն ասել ինչպես անի: Եկել եմ, որ գործընկերներիս հետ քննարկեինք պարոն Գորգիսյանի վարքագիծը Պաշտպանության հանձնաժողովում, բայց գիտեք էթիկայի հանձնաժողով ստեղծում են նրա համար, ով էթիկայի նորմերին համապատասխանում է: Պարոն Գորգիսյան, Ձեզ էթիկայի նորմերի հետ կապված էլ չեմ անդրադառնա»:
«Իմ քայլի» պատգամավորին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և նկատեց՝ նախագիծը անվտանգության առումով որևէ խնդիր չի առաջացնում:
Մանրամասն՝ տեսանյութում: