Բացել լրահոսը Փակել լրահոսը
61287119_2264874806939690_1325402520721293312_n
A A
Հասարակություն

Մեր որդիների սպանությունների մասին տեղյակ անձինք այսօր կառավարության անդամներ են. Նանա Մուրադյան

Կառավարության շենքի առջև հերթական բողոքի ակցիաներն են։ Այսօր իրենց բողոքն են արտահայտում տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում սպանված զինծառայողների մայրերը։ Նրանք չեն դադարում պահանջել արդար դատաքննություն իրականացնել իրենց որդիների սպանությունների գործերով։ Նրանք նաև պահանջում են ՝ վեթինգի ենթարկել դատական համակարգի բոլոր ատյանները։

«11 տարի շարունակ  բողոքել, բարձրաձայնել ենք, շարունակում ենք և հիմա: Մեր որդիների սպանությունների մասին տեղյակ անձինք այսօր կառավարության անդամներ են՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նրանց բոլորի ձեռքով է, որ մեր որդիների սպանությունները կոծկվել են»,- ասում է սպանված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը: 

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝  Վալերի Մուրադյանն ինքնասպան է եղել 2010 թ.-ի մարտի 15-ին ՝ պարանով կախվելով երկաթե ձողից:  Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հատկանիշներով: Որոշ ժամանակ անց գործը կասեցվել է, սակայն 2011 թվ.-ին մոր՝ Նանա Մուրադյանի բողոքներից հետո այն վերաբացվել է: Գործը դեռ վարույթում է, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ձևավորվել հատուկ հանձնաժողով՝ գործի լիարժեք քննություն ապահովելու նպատակով: