Երևանի պետական համալսարանն այսօր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կունենա
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ժամը 15։00-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունանա ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունը. այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
Նա դժվարացավ նշել, թե ովքեր են առաջարդվելու որպես ԺՊ թեկնածու՝ հավելելով, որ ԵՊՀ հոգաբարձուների կայանալիք նիստում կհնչեցվեն թեկնածուների անունները:
Հիշեցնենք, որ 2019 թ. մայիսի 23-ին Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել։ Նրա և ներկայիս իշխանությունների միջև, մասնավորապես ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի միջև հարաբերություններն այնքան էլ լավ չէին։ Իր հրաժարականի խոսքում, Սիմոնյանը նշել էր, որ համալսարանի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում, գնալով ավելի է ուժեղանում, իսկ այդ լարվածության մեջ մեղադրել էր բարձրագույն կրթության և գիտության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներին և անընդունելի համարել ԿԳՆ-ի կողմից վարվող քաղաքականությունը, ոչ միայն կրթության և գիտության ոլորտում, այլև համալսարանի նկատմամբ։
«Մայիսի 16-ին և 17-ին մենք, այն էլ, ցավոք սրտի, ոչ բոլոր համալսարանականներով, նշեցինք բուհի ծննդյան օրը, այցելեցինք Գյումրի: Այնուհետև այստեղ կազմակերպվեց համերգ, հետո տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը, բայց պաշտոնական որևէ ուղերձ, որևէ շնորհավորանք ես չստացա, համալսարանը չստացավ։ Զանգեցին իմ ընկերները և այն մարդիկ, որոնք սիրում են համալսարանը և վերջ։ Նույնիսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը չշնորհավորեց»,- ընդգծել էր նա՝ հավելելով, որ նույնիսկ իր ընդդիմադիրների կողմից քայլեր են ձեռնարկվել հորգաբարձուների խորհրդի կազմը փոխել և այդկերպ պաշտոնանկ անել իրեն։
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին լրագորղների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սիմոնյանի հրաժարականին ասել էր, որ յուրաքանչյուր մեծ հիմնարկի ղեկավար ժամանակից շուտ հեռանալիս պետք է առաջին հերթին խոսի գրանցած հաջողությունների և անհաջողությունների մասին, ոչ թե փորձի ուրիշներին ինչ-որ բաներում մեղադրել։ «Կարծում եմ արժանապատիվ հեռանալը շատ լավ բան է։ Էս դեպքում ես նման գործելաոճ չտեսա»,- շեշտել էր Հարությունյանը՝ հավելելով, որ կարող էին իրենց ուզած հոգաբարձուների խորհրդի կազմը ձևավորել և այդ քայլին գնալ, սակայն այդպիսի միտում չեն ունեցել։