Կվերաբացվի՞ Ալեքսանդր Թամանյանի տուն-թանգարանը
Աջակցիր «Ա1+»-ինԱլեքսանդր Թամանյանը, որը մեզ մայրաքաղաք նվիրեց՝ արդյո՞ք թանգարանի արժանի չէր: 1934-ին կառավարությունը որոշում է առանձնատներ կառուցել Ալեքսանդր Թամանյանի, Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի համար: Սակայն Թամանյանը հրաժարվում է, խնդրելով գումարներն ուղղել Օպերայի, այն ժամանակ Ժողտան կառուցմանը:
«Եթե իր տունն ունենար, այսօր նման խնդրի առջև կանգնած չէինք լինի»,- ասում է Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ լոնդոնաբնակ Գագիկ Թամանյանը, որը Հայաստան է եկել Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացելու խնդրով:
Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվեց 2002 թվականին, ՀՀ կառավարության որոշմամբ: Սակայն 2016-ին, Կարեն Կարապետյանի օպտիմալացման ծրագրով Նարեկ Սարգսյանը որոշեց միավորել ճարտարապետության ազգային թանգարանը և Թամանյանի տուն թանգարան-ինստիտուտը:
Ճարտարապետի ժառանգները, թանգարանի արդեն նախկին տնօրեն Հայկ Թամանյանի գլխավորությամբ միավորմանը դեմ կանգնեցին։
Գագիկ Թամանյանի խոսքով, խոստացել էին, որ միավորվելու դեպքում թանգարանը կրելու է Ալեքսանդր Թամանյանի անունը, սակայն դա էլ չարեցին: Երեք տարի սպասում է, որ Նարեկ Սարգսյանը կատարի իրեն տված խոստումն ու վերաբացի թանգարանը: Հիմա եկել է Հայաստան՝ պայքարելու: Դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
«Կարծում եմ, որ Թամանյանի մեծության մարդը պետք է ունենա իր անձնական թանգարանը: Արդեն 68 տարի է նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող, 1000-ից ավելի արխիվային ցուցանմուշ՝ լուսանկարներ, գծագրեր, անձնական իրեր պահվում են տնային պայմաններում»,- ասում է Թամանյանի ժառանգը: