Ուրախ եմ, որ «Էդմոն Մարուքյանի գծով» գիտությունների թեկնածուական եք ուզում պաշտպանել. Մարուքյանը՝ իշխանություններին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես հասկանում եմ, որ գայթակղությունը մեծ է Ձեր՝ իմ հաշվին ինքնահատատվելու, իմ հաշվին հայտնի դառնալու, որովհետև հայտնի բան կա՝ «Խփում ես հայտնի մարդուն, ըտենց իրա հաշվին սկսում ես կայանալ, բան»,- իր ելույթի ժամանակ, խոսքն ուղղելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա ասաց, որ դա Դանիելյանին թույլ չեն տալու, և նա երկար ժամանակ պետք է աշխատի՝ «կլասիկի» մակարդակին հասնելու համար։
Մարուքյանը նշեց, որ Փաշինյանը հայտարարել էր, որ համալսարանի դուռ փակողը ռեկտոր չպետք է լինի: Ապա շարունակելով ասաց, որ հայտարարվել էր, որ համալսարանը չի քաղաքականացվելու, եւ Դանիելյանին ասաց, որ հենց վերջինս խոստովանեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամ է։
«Ես շատ ուրախ եմ, որ տենց «Էդմոն Մարուքյանի գծով» գիտությունների թեկնածուական եք արդեն ուզում պաշտպանել, ինչ գրում եմ, տենց ուշադիր հետևում եք, բան»,- հեգնեց Մարուքյանը «Իմ քայլը» պատգամավորին։
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը իշխանություններին կոչ արեց հավատարիմ մնալ սկզբունքներին և ռեկտոր չնշանակել «ուսանողների դեմ դուռ փակողին», չքաղաքականացնել բուհերը: Նա շեշտեց, որ Դանիելյանի՝ համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում լինելն արդեն իսկ համալսարանի քաղաքականացնում է։
«Սկզբունք եք հայտարարել, պահե՛ք, ա՛յ ախպեր ջան»,- ընդգծեց պատգամավորը։ Վերջինս նաև նշեց, որ ընդդիմության պահանջն այն է, որ իշխանության ներկայացուցիչները լքեն բուհերում զբաղեցրած իրենց պաշտոնները կամ էլ հրաժարվեն պատգամավորական մանդատներից։
«Ես անգամ հիշում եմ՝ է՜հ, երկար տարիներ առաջ մի անգամ էլ «Ժառանգություն» կուսակցությունն էր այդպիսի կետ հրապարակել, թե բուհերը ոնց պետք է ապաքաղաքականացվեն»,- հիշեցրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում