Կան առևտրային ցանցեր, որոնք միաժամանակ և՛ ներմուծող են և՛ արտադրող. Անի Սամսոնյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ում ընթանում է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 1-ամյա ժամկետով անդամի ընտրությունը։ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրած թեկնածուն Դավիթ Հովհաննիսյանն է։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ կան առևտրային ցանցեր, որոնք միաժամանակ և՛ ներմուծող են, և՛ արտադրող։
«Վերոնշյալ առևտրային ցանցերն իրենց ապրանքները տրամադրում են մանրածախ առևտրով զբաղվող օբյեկտներին։ Եվ, երբեմն, կան ապրանքներ, որ այդ խանութները չեն կարող գնել այլ ներմուծողից կամ արտադրողից»,- ընդգծում է պատգամավորը՝ հավելելով, որ ստեղծվում է մի իրավիճակ, որ ներմուծող ու արտադրող ցանցերն այդ ապրանքներն իրենց մոտ վաճառում են ավելի էժան, քան նրանք, որոնք վերջիններից գնում են և այսկերպ խախտվում է տնտեսական մրցակցության հավասարությունը։
Սամսոնյանը Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս խնդիրն ունի լուծում։
Հովհաննիսյանն ասաց, որ միջազգային փորձով խնդրի լուծումը հետևյալն է. «Երբ որ առևտրային ցանցերին ուղղակի արգելվում է ներկրում իրականացնել կամ արգելվում է արտադրություն իրականացնել»։ Եվ որպես լուծում՝ թեկնածուն սա առաջարկեց։
Արձագանքելով Հովհաննիսյանին՝ Սամսոնյանը հարցրեց, թե արդյո՞ք այս քայլով վնաս չի հասցվի տնտեսությանը, և արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի արգելել ներմուծողին կամ արտադրողին իր առևտրային ցանցում վաճառել ներմուծած կամ արտադրած ապրանքը։
Ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց, որ եթե մի ընկերություն դադարի ներկրել կամ արտադրել, երկրորդ ընկերությունը շուկայում նման գործունեություն կիրականացնի։ «Ամեն դեպքում ես սա ասեցի իմ պատկերացմամբ տարբերակ, որը, իհարկե, քննարկման առարկա է և վերջնական լուծումը ձեր միջոցով, ձեր օգնությամբ է հնարավոր»,- եզրափակեց նա՝ դիմելով ԱԺ պատգամավորներին։