Կա դիմադրություն մեր որոշ գործընկերների կողմից. Թորոսյանը՝ Ծխելու դեմ օրենքի նախագծի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռանց ծխախոտի համաշխարհային օրվա կապակցությամբ «Ընտրի՛ր առողջությունդ, ոչ թե ծխախոտը» խորագրի ներքո այսօր Հյուսիսային պողոտայի Եվրոպական հրապարակում տեղի ունեցավ քարոզչական միջոցառում։
Միջոցառմանը մասնակցում էին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցևը և այլք։
Իր ելույթում Զայցեևը նշեց, որ ծխողները պետք է հասկանան, որ ծխելով ոչ միայն իրենք իրենց են վնաս հասցնում, այլև շրջապատին։ «Ծխող մարդու մոտ քաղցկեղով հիվանդանալը 20 անգամ ավելի է հավանական, քան մարդու մոտ, ով չի ծխում։ Ով ծխում է, թունավորում է իր երեխաների, իր կնոջ թոքերը»,- շեշտեց նա։
Շարփը հայտարարեց, որ համատեղ հնարավոր է հասնել այն նվաճմանը, որով Հայաստանը կազատվի ծխախոտից։
Լրագրողների հետ ճեպազրույցում Արսեն Թորոսյանը դժվարացավ նշել, թե ծխելն արգելելու վերաբերյալ օրենքը երբ կընդունվի, որովհետև կառավարությունը կոլեգիալ մարմին է, և այնտեղ քննարկվելուց հետո միայն համապատասխան օրինագիծը կմտնի Ազգային ժողով՝ քննարկման։
«Առնվազն մեր մասով օրենքի նախագիծը պատրաստ է, և մենք փորձում ենք այն առաջ խաղացնել կառավարության շրջանակներում։ Անկեղծ կլինեմ. կա դիմադրություն մեր որոշ գործընկերների կողմից, որը մենք փորձում ենք հաղթահարել»,- ընդգծեց առողջապահության գերատեսչության ղեկավարը։ Նախարարի խոսքով՝ որոշ շտկումներ են կատարվում, հիմնավորումներ են ներկայացվում, և որից հետո այն ըստ ընթացակարգի կներկայացվի համապատասխան մարմիների տրամադրության տակ։
Թորոսյանն ասաց, որ դրանում անդրադարձ է կատարված ծխախոտի ցուցադրության սահմանափակմանը, փակ և կիսափակ տարածքներում, շքամուտքներում, կանգառներում, հանրային տրանսպորտում չծխելուն և այլն։