Բացել լրահոսը Փակել լրահոսը
sasna arcax
A A
Քաղաքականություն

Արցախում ConIFA 2019-ի անցկացումը հակահայկական միջոցառում է. «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը հայտարարություն է տարածել, ասելով, որ Արցախում ConIFA 2019-ի անցկացումը հակահայկական միջոցառում է: Հայտարարությունը ստորև.

 

Ներկայումս Արցախում անցկացվող ConIFA 2019 «Ֆուտբոլի անկախ միությունների մրցաշարի» մասնակիցները ներկայացնում են ինքնորոշմանը ձգտող չճանաչված պետություններ, որոնց թվին են փորձում դասել նաև ՀՀ անբաժանելի մաս կազմող Արցախը:

Արցախի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականության մաս լինելու իրավաքաղաքական իրողությունը վերաամրագրելու և մարզի կարգավիճակը վերահաստատելու փոխարեն շարունակվում և խորացվում է Արցախը ՀՀ-ից ապօրինաբար տարանջատելու և մնացյալ Հայաստանին հակադրելու հակապետական դավաճանական գիծը:

Արցախում նման մրցաշար անցկացնելու պահը նույնպես պատահական չէ և տեղավորվում է վերջին շրջանում այս դավաճանական գծի ակտիվացման տրամաբանության մեջ: 

Պաշտոնական Ստեփանակերտն այդ դավաճանական գծի ակտիվ ջատագովն է և փորձում է այս մրցաշարի միջոցով կրկնակի օգուտ քաղել: Նախ՝ ամրապնդել Արցախի կեղծ «անկախության» ազգադավ հայեցակարգը, ապա նաև՝ շահել արցախցիների բարեհաճությունը, քանի որ մրցաշարի անցկացման կապակցությամբ բարեկարգվում են տասնամյակներ շարունակ չնորոգված ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ: 

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը դատապարտում է նման դավաճանական քաղաքականությունը և արցախցիներին կոչ է անում ConIFA 2019 մրցաշարի ասֆալտը, լուսավորությունն ու մարզադաշտերը չհամեմատել ազգային շահի հետ և մերժել դրանց դիմաց Հայաստանից անջատվելու՝ քողարկված ստոր ուղերձը:

Արցախը՝ Հարավային Օսիայի, Աբխազիայի, Կոսովոյի, Լուգանսկ֊Դոմբասի պես չճանաչված ու խնդրահարույց կազմավորումների, ալբանական֊իսլամական ահաբեկչական խմբավորումների և մանկապարտեզային մակարդակի հորինված «պետությունների» հետ նույն շարքին դասելը ոչ միայն սաստկապես անպատվաբեր է, այլև մեր պետության համար հղի է բազմաթիվ անպատեհ դիվանագիտական բարդություններով և ուղղակիորեն սպառնում է մեր հիմնարար պետական շահերին և ազգային անվտանգությանը։ 

Արցախյան խնդիրը լիովին առանձին իրավաքաղաքական նախադէպ է, որը հետխորհրդային տարածքի և աշխարհի այլ չճանաչված կազմավորումների հետ ըստ էության ոչ մի ընդհանրություն չունի։ 

Ելնելով վերոնշյալից՝ «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը դատապարտում է Արցախում ConIFA 2019-ի հյուրախաղերի անցկացումը և վերահաստատում Արցախի՝ միացյալ հայոց պետության կազմից օտարման դավաճանական ընթացքը կասեցնելու իր վճռականությունը։