Բացել լրահոսը Փակել լրահոսը
61885125_892146351129591_2283225951951126528_n
A A
Քաղաքականություն

Էդ մարդու հետ խոսել եմ գաղտնիության պայմաններում, իսկ նա իր օգնականին ասում է՝ գնա ֆեյսբուքում գրի. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի բակում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր կողմից արված հայտարարությունը, թե  դավադիր ուժեր կան, որոնք փորձում են պատերազմ հրահրել:

«Ե՛վ  Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի  անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը։ Հետաքրքրվել եմ  իմ առաջարկած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են այս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն։ Եվ պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ։ Եվ, երբ որ դրանից հետո այդ սեղանի շուրջ  ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես այս  մարդու հետ նստել ու խոսել եմ  գաղտնիության պայմաններում, թե ինչ քայլերով  պետք է գնանք առաջ։ Եթե այս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է՝ գնա ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է դա անում, եթե ինքը 100%-ով գիտի, թե ինչ է կատարվում։ Ընդ որում, երբ Հայաստանի իշխանության ղեկին եղել  է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին»,- տեղեկացրեց  Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը պնդեց, թե Արցախի Հանրապետության իշխանությունները տեղյակ չեն եղել, թե ինչ են կողմերը բանակցել:

«5 անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա­՞կ եք ինչ է պայմանավորվել, իրենք տեղյակ չեն եղել: Եվ դրանից հետո գնում են իրենց օգնականների սոցիալական ցանցերում, նույնիսկ անձամբ գրում են՝ այս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը հողեր է հանձնում, հարց է ծագում՝ ինչի՞ համար են դա անում»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

 Վարչապետը չցանկացավ մեկնաբանել, թե այդ հարցի շուրջ քննարկում ունեցե՞լ է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ: